Հասարակություն

ՆԱՏՕ- ն սատարում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը

Լուսանկարը՝ «Զամանի»

ՆԱՏՕ- ի երկրները սատարում են Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու օդային սահմանները: Ստոլտենբերգը միաժամանակ ասել է, որ ողջունում է Թուրքիայի քայլերը, որոնք նպատակաուղղված են Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

«Կարևոր է հանգստություն պահպանել և հաղթահարել առկա լարվածությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ կոչ անելով Մոսկվային ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել:

Յենս Ստոլտենբերգը հայտարարությունն արել է այսօր Թուրքիայի վարչապետի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Ահմեդ Դավութօղլուն ևս մեկ անգամ հայտարարել է. Անկարան Մոսկվայից ներողություն խնդրել չի պատրաստվում, չի կիրառի նաև պատասխան պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ:

Կրեմլը, հիշեցնենք, Թուրքիայի իշխանություններից ակնկալում է ներողություն, սակայն Անկարան միայն ափսոսանք է հայտնում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական օդանավի համար:

Այսօր հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանը սահմանափակում է թուրքական բանջարեղենի և մրգերի մուտքը ռուսական շուկա: Բացի այդ՝ դադարեցվում է ռուսական ավիաընկերությունների կողմից Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքը:

Back to top button