ԿարևորՏնտեսական

Նոր տարին հարկային նոր փոփոխություններով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն արդեն ավանդույթ է դարձրել` ամեն նոր տարին սկսել հարկային նոր փոփոխություններով, ընդ որում` բավականին լայնածավալ: 2013- ը եւս սկսելու ենք հարկային լայնածավալ փոփոխություններով:
Դրանցից առաջինը ենթադրում է Հայաստանում շրջանառության հարկի ներդրում: Այն կփոխարինի նախ ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար։ Այսօր ՓՄՁ սուբյեկտները, կախված իրենց իրացման շրջանառությունից, շուրջ 17.2 տոկոս բեռ են կրում հաշվապահական ծախսերի գծով:
Շրջանառության հարկը առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից պետբյուջե վճարվող ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է:
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց շրջանառությունը նախորդ տարվա գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 30 մլն դրամը: Միաժամանակ, սակայն, շրջանառության հարկ վճարողների համար կկասեցվեն ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
Ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականոթյան վարչության պետ Արման Պողոսյանի ներկայացմամբ` խոշոր փոփոխություն է սպասվում նաեւ շահութայարկի մասով: Ըստ այդմ` հայրենի կառավարությունը արտոնություններ է սահմանում բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք 2013 թվականից սկսած կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրեր կյանքի կկոչեն եւ աշխատատեղեր կստեղծեն:

«Օրենքով նախատեսված է, որ նոր ստեղծվող աշխատատեղերի շրջանակներում աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձը աշխատատեղի ստեղծման եւ դրան հաջորդող 3 տարվա ընթացքում կնվազեցվի տվյալ կազմակերպության կողմից վճարվող շահութահարկի գումարից: Այսինքն` ստացվում է, որ նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձն այդ 3 տարիների ընթացքում պետությունը վերցնում է իր վրա»,- ասում է Արման Պողոսյանը։
Ընդ որում` նշված արտոնությունները չեն տարածվում ֆինանսական ռւ առեւտրի ոլորտների վրա: Փոխարենը որեւէ սահմանափակում չկա` այդ աշխատատեղերը կստեղծվեն տեղական թե արտասահմանյան ձեռնարկությունների կողմից:
Հարկային ոլորտում փոփոխություններից մեկն էլ կատարվելու է Հայաստանում շշալցված արտադրանքի թողարկման իրական ծավալների բացահայտման նպատակով: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով որոշ ապրանքների համար կսահմանվի պարտադիր պիտակավորման պահանջ: Ըստ այդմ` 2013թ.-ից Հայաստանում շշալցված արտադրանքի բոլոր տեսակները` գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ և ջուր, պետք է համապատասխան դրոշմապիտակ ունենան:
Միաժամանակ՝ դրոշմապիտակի համար վճարվող գումարը համարվելու է ԱԱՀ տեսքով իրականացված կանխավճար, որը հաշվանցվելու է ապագայում կուտակվող պարտավորությունների դիմաց: Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել հարկային փոփոխությունների խոշոր այդ փաթեթը: Այն պետք է դրվի խորհրդարանի արդեն արտահերթ նիստի քննարկմանը:

Թողնել պատասխան

Back to top button