Օրինաց Երկիր կուսակցությունն ու նրա շուրջ ձեւավորված «Հայկական վերածնունդ» դաշինքի անդամները սահմանդրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում հանրությանը ոչ թե ներկայացնում են փոփոխություններն առանձին-առանձին եւ ըստ դրույթների, այլ՝ վերլուծում են եւ պատկերավոր ներկայացնում, թե ինչ խնդիրներ են այդ փոփոխություններն առաջացնելու հետագայում՝ փոփոխություններն ընդունելուց հետո: Հիշեցնենք, որ ՕԵԿ առաջարկություններ էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների փաթեթում ներառելու համար, բայց այդ առաջարկություններից ընդունվեց ընդամենը մի քանիսը, մեծ մասը՝ ոչ: Դա էլ հիմք է հանդիսացել այդ քաղաքական ուժի համար «ոչ»-ի քարոզարշավին միանալու:
Թեեւ քարոզարշավն աստիճանաբար մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց այսօրվա դրությամբ ՕԵԿ-ն արձանագրում է այն նույն խնդիրը, ինչը կար հենց սկզբում եւ ինչն էլ այս քարոզարշավի առանձնահատկությունն ու կարեւորագույն խնդիրն է: Ինչ նկատի ուներ Օրինաց Երկիր կուսակցության փոխնախագահ, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը. «Մարդիկ, ըստ էության, իրազեկված չեն բովանդակությունից: Նույնիսկ նախագիծը չկա մարդկանց ձեռքին: Եթե իրապես ցանկանում էին մարդկանց կարծիքը ձեւավորել, ապա նրանց հնարավորություն պետք էր տալ կարդալ»:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Մհեր Շահգելդյանը հաստատում է. իրենց հետ հանդիպումների ընթացքում քաղաքացիներն ավելի շատ սոցիալական խնդիրներին են ուշադրություն դարձնում, ստեղծված իրավիճակին, արտագաղթին եւ հենց այս պրիզմայի միջով են դիտարկում սահմանադրական փոփոխությունները: «Դրա համար էլ դժգոհությունները շատ-շատ են»,- ասում է պատգամավորը:
Որպեսզի քարոզչությունն ավելի առարկայական լինի Օրինաց Երկիրն ու նրա շուրջ ձեւավորված «Հայկական վերածնունդ» դաշինքի անդամները փորձում են վերլուծել եւ ակնառու օրինակներով ներկայացնել հանրությանը, թե ինչ խնդիրներ կարող են ծագել հետագայում՝ սահմանադրական փոփոխություններից հետո: Ընդդիմության իրավասություններն ու հնարավորությունները քաղաքական կյանքի վրա ազդելու համար թույլ են եւ պակասում են: «Եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման մասին, ապա ավելին պետք է լիներ»,- ասում է Մհեր Շահգելդյանը:
«Խնդիրներն, իհարկե, բազմաթիվ են իշխանությունների բալանսի հետ կապված: Դառնում է ոչ այնքան խորհրդարանական կառավարում, այլ՝ վարչապետական կառավարում: Նախագահն, ըստ էության, դառնում է ոչ մի բան՝ շատ սիմվոլիկ: Այդ մասին շատ բացասական խոսել է նույն Վենետիկի Հանձնաժողովը, որին այդքան թմբկահարում են: Վենետիկի հանձնաժողովը նշում էր, որ ոչ մի երկրում եվրոպական նախագահի դերը այդքան չի իջեցված»:
Մեծ հաշվով ժողովրդավարությունը կապ չունի կառավարմնան համակարգի հետ: «Միացյալ Նահագները նախագահական երկիր է, Ֆրանսիան՝ կիսանախագահական, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան՝ խորհրդրանական»,- օրինակ է բերում պատգամավորը՝ հավելելով ժողովրդավարությունը բոլորս պետք է ուզենանք: Հանրաքվեի համար ձեւավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՕԵԿ-ն իր անդամներին արդեն նշանակել եւ վստահում է նրանց անաչառությանը, ասում է Մհեր Շահգելդյանը: Բայց արդեն այսօր, ըստ պատգամավորի՝ կան մտահոգիչ հանգամանքներ, որոնք հանրաքվեի օրը վերահսկողությունից դուրս կարող են լինել:
«ID քարտերով կրկնաքվեարկության դեմ վերահսկողության մեխանիզմ չկա: Բազմաթիվ առաջարկություններ արեցինք՝ սկսած թանաքոտելուց մինչեւ ID-ի վրա ինչ որ նշումներ դնելը: Հիմա պարզ չէ, թե ով որտեղ է պարում, ով ինչպես է անում, լավ, ասենք ցուցակներով, բայց կրկնաքվեարկության վտանգը կա: Եվ վերահսկողության ոչ մի մեխանիզմ օրենքում չդրեցին»: