Քաղաքական

Պատգամավորը պարզաբանում է պահանջում ԱՎԾ ղեկավարից

lusinevasilyan
Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորներն այսօր  շարունակել են քննարկել   ՀՀ 2016-2018 թթ-ի պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին հարցը: Եռամյա ծրագիրը բաղկացած է 6 մասից և ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձեւավորման համար գործունեության ուղղությունները: Ծրագիրը, սակայն,  առիթ է դարձել խոսելու ընդհանրապես վիճակագրական ծառայության, ներկայացվող վիճակագրության հավաստիության և ծառայության կողմից կիրառվող մեթոդաբանության մասին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես,  անդրադարձել է աղքատության, գործազրկության, արտագաղթի տվյալներին: Նրա գնահատմամբ ՝ իրականությունն ու ԱՎԾ տվյալներն իրար հետ կապ չունեն, իրավիճակը գնալով վատանում է, իսկ վիճակագրությունը՝ բարելավվում: Զոհրաբյանը նշել է, որ ԱՎԾ ղեկավարից քաղաքական հստակ պարզաբանումներ է ակնկալում:

«Ես շատ կարևորում եմ Ձեր նշած տնային տնտեսուհիների և տնային տնտեսությունների վարած օրագրերը, որոնց հիման վրա երևի ձեր տեղեկատվությունը քաղում եք, բայց կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ ռեալ իրականությունն այն է, ինչը մենք տեսնում ենք: Մենք ակնկալում ենք հնչած քաղաքական հարցադրումներին տալ կոնկրետ պատասխաններ, այլ ոչ թե հղումներ վիճակագրական տեղեկատվական գրքին և տնային տնտեսությունների օրագրերին»:

ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը հակադարձել է պատգամավորին՝ կրկին հղում անելով վիճակագրության կազմման բարդ մեթոդաբանությանն ու գործիքակազմին:

«Ես կրկնում եմ ՝ ոչ միայն աղքատությունն է հարաբերական , այլ նաև հարստությունը: Այդ իսկ պատճառով, երբ աղքատության զեկույցը հրապարակում ենք, մի քանի տարբեր մեթադաբանություններով ցուցանիշներ ենք ներկայացնում: Եթե նշում ենք, որ աղքատությունը նշել ենք ոչ թե ըստ եկամուտի, այլ սպառման ագրեգատի, դա շատերը չեն կարողանում ճիշտ ընկալել: Գուցե մենք լավ չենք բացատրում»:

Ի դեպ, կառավարության նախաձեռնությամբ նախօրեին  հրավիրված արտահերթի օրակարգը խորհրդարանը գրեթե սպառել է: Նիստի վերջում սպասվում են երեկ և այսօր քննարկված հհարցերի քվեարկությունները:

Back to top button