Հասարակություն

Անգրագետ մանկավարժներ ու ագրեսիվ սերիալներ. անչափասներին հասցնում են հանցագործության

lianaeghiazaryan
Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում, ըստ առանձին հանցատեսակների, հանցագործությունների դեպքերը այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են. 12 827 դեպք` 13 776-ի դիմաց: Սակայն որոշ մասնագետներ այս համատեքստում խոսում են անչափահասների կողմից հանցագործությունների աճի մասին: Սա կիսագրագետ մանկավարժների աշխատանքի հետեւանքն է, կարծում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Ագրեսիվ սերիալներն ու համակարգչային խաղերն էլ իրենցն են անում, հավելում է փաստաբան Լիանա Բալյանն ու նաեւ շեշտում` իրավախախտ անչափահասների հանդեպ արդարադատության մոդելը փոխել է պետք:

 

Սերիալները` հատկապես հայկական, համակարգչային խաղերը, մանկավարժների գրագիտության պակասն ու իրավախախտ անչափահասների հանդեպ պատժամիջոցների հարցում տարբերակված մոտեցումների բացակայությունը: Այս հիմնական գործոններն իրար գումարվելով` հանգեցրել են մտահոգիչ մի խնդրի, որի թվային պատկերն արտացոլում է վիճակագրությունը. Հայաստանում անչափահասների կողմից հանցագործություններն աճի միտում ունեն: Փաստաբան Լիանա Բալյանն իր շուրջ 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նկատել է` այս ընթացքում անչափահասների կատարած հանցագործությունների բնույթն է փոխվել: Սոցիալական հողի վրա կատարված իրավախախտումներից շատ այսօր ագրեսիայի դեպքեր են գրանցվում:

«1996-ից 2002-ը հիմնականում մեքենաներից, բնակարաններից ու նկուղներից մանր-մունր գողություններ էին: 2002-2010-ը քչացան այդ դեպքերը, երեւի ժողովրդի վիճակն էր լավացել, հիմա ագրեսիան ավելացել է, ավելացել են սպանությունները, կողոպուտները` հիմնականում շահադիտական դրդումներով»:

14-16 տարիքային շրջանում երեխաներն ամենախոցելին են, հենց այս շրջանում է ինքնահաստատվում մարդը, նկատում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Հետաքրքիր է, որ թե հոգեբանն ու թե փաստաբանը միակարծիք են` լավ ծնողներ ունենալը, սոցիալական բարեկեցությունը, ճիշտ դաստիարակությունը շատ հաճախ այս շրջանում որոշիչ չեն լինում, տարիքն է խնդրահարույց, ասում են:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը նախ Հռոմի պապի խոսքն է հիշում` ամենաբարին խորհրդային ժամանակների մուլտֆիլմերն էին, հիմա մուլտֆիլմերից էլ է ագրեսիա թափվում: Սոցիալական կայքերը, սերիալները պետք է վերահսկել: Սա ոչ թե խոսքի ազատության սահմանափակման, այլ կուլտուրայի խնդիր է, նկատում է ու շեշտում` մինչեւ այդ կուլտուրան մշակվի, մեքն մի հսկա սերունդ ենք կորցնում: Մասնագետը անչափահասների կողմից հանցագործությունների աճի խնդրի հիմքում նաեւ մանկավարժների գրագիտության պակասն ու տարիքային զարգացմանը հոգեբանորեն ճիշտ ուղեկցելու բացակայությունն է տեսնում: Մանկավարժների, ովքեր, որպես օրինակ, 5 տարեկան երեխային մեղադրում էին դաստիարակչուհու պայուսակից գողություն կատարելու մեջ: Այնինչ նույն այդ դեպքը հոգեբանը բնորոշում է որպես հետաքրքրասեր երեխայի վարք:

Փաստաբան Լիանա Բալյանը մեկ այլ խնդիր է մատնանշում: Դեռահասները շատ հաճախ են սխալ քայլի դիմում շրջապատի կամ իրավիճակի ազդեցության ներքո` չգիտակցելով արարքի լրջությունը: Երիտասարդների մոտ վատ շրջապատ կա, որտեղ լավ սովորելն ամոթալի է, կարգապահ լինելը` նույնպես, չծխելը տղամարդկության պակասի են վերագրում եւ այլն: Փաստաբանն էլ մի դեպք է հիշում` Երեւանում` Նորքի 8-րդ զանգվածում դեռահաս աղջիկների վարքը, ովքեր, որքան էլ անհավատալի հնչի, սափրել էին իրենց գլուխն ու դանակի եւ ծեծի սպառնալիքով դպրոցում գումար էին պահանջում երեխաներից: Ինչեւէ, դեպքերը տարատեսակ են, բայց երբ երիտասարդն արդեն իրավախախտ է, նրա կողքին այլեւս չեն կանգնում ոչ պետությունը, ոչ էլ օրենքները:

«Քրեական օրենսգիրքը եւ քրեական դատավարության օրենսգիրքը համատարած բոլորի համար են` եւ անչափահասների, եւ չափահասների: Անչափահասին բերում են նույն դատարան ու դատում նույն օրենսգրքերով, որով եւ չափահասներին: Նույն ջղային դեմքով դատավորը դատում է եւ մեծերին, եւ փոքրերին: Եւ անչափահասը դատարանում գտնվում է խիստ վախեցած վիճակում: Ապա նրան ուղարկում են նույն քրեակատարողական հիմնարկ: Ես, որպես փաստաբան, իմ պրակտիկայի ընթացքում դեռ չեմ տեսել, որ որեւէ անչափահաս գնաց ՔԿՀ, փոխվեց, լավը դարձավ ու դուրս եկավ: Այդպիսի բան չի լինում»:

Փաստաբան Լիանա Բալյանը հուսով է, որ արդարադատության համակարգում պրոբացիոն համակարգի ու այդպիսով այլընտրանքային պատժամիջոցների ներդրումը կարող է էականորեն բարելավել իրվաիճակը, միայն թե շտապել է պետք, այս հարցում բանախոսները համակարծիք են:

Back to top button