Քաղաքական

ՀՀՇ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին

 

lianaeghiazaryan
Հայոց Համազային շարժում կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: «Որ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը Հայաստանին անհրաժեշտ է, այս մասին բազմիցս ենք հայտարարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն ու շեշտել` մենք չենք կարող դեմ հանդես գալ միայն այն պատճառով, որ այս անգամ դրա նախաձեռնությունն իշխանությունն է ցուցաբերում: Դիտարկմանը, թե որակյալ ընդդիմության բացակայության պայմաններում արդյոք կարդարացվի փոփոխությունը` Զուրաբյանն ասել է` այս երկրում որակյալ ոչինչ չունենք, սա ճանաարհ է, որ պետք է անցնենք:

 

ՀՀՇ կուսակցությունն ինչպես եւ նախկինում է պնդել, այժմ էլ մնում է նույն համոզմունքին` Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:  Կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց` խորհրդարանական կառավարմանն անցումը սպասված փոփոխությունների կհանգեցնի ընտրական օրենսգրքում, իսկ մեծամասնական ընտրակարգի վերացումը կարեւոր տեղաշարժի կբերի: Զուրաբյանը նկատում է` մինչ այժմ 41 ընտրատեղամասում 99 տոկոսով միշտ ընտրվել են իշխանության ներկայացուցիչները` հայտնի անուններ: Ակնկալվում է, որ այս վիճակն էլ կփոխվի: «Սա ավելի դրական կառավարման ձեւի է բերելու Հայաստանում: Մենք քարոզարշավի չենք մասնակցում, քանի որ գտնում ենք, որ քարոզարշավին մասնակցող ուժերի գործունեությունն անհասկանալի է»:

Կառավարման խորհրդարանական համակարգը ընդդիմությանը գործելու շատ ավելի լայն դաշտ ու հնարավորություններ է տալու, ասում է ՀՀՇ կուսակցության նախագահը: Անդրադառնալով մշտապես հնչող դիտարկումներին, թե իշխանությունը սա անում է սեփական վերարտադրումն ապահովելու նպատակով, Զուրաբյանը նկատում է` իշխող կուսակցությունն առանց այս փոփոխությունների էլ կվերարտադրվեր` գործի դնելով ամենատարբեր լծակներ, «ՀՀԿ-ականներն այլ մոլորակ չեն տեղափոխվելու»,-ասում է: ՀՀՇ կուսակցության նախագահը միաժամանակ համոզված է` Սերժ Սարգսյանը հեռանալու է իշխանությունից, ինքը գոնե  անձամբ է այդ մասին հայտարարել: «Իշխանությունում հասկացան, որ կառավարման ներկա համակարգը պահպանելու ճանապարհով գնալ այլեւս հնարավոր չէր»,-ասում է բանախոսն ու բացատրում: «Կյանքը մի բան է ապացուցել` նախագահական բոլոր ընտրություններից հետո Հայաստանում վայրիվերումներ են սկսվում, մշտապես հանրային դժգոհություն է, սկսվում են բռնի գործողություններ, սկսվում է արտագաղթի նոր ալիք եւ այլն»:

Ինչպես է ստացվում, որ նույն թիմից հանդես եկող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ծայրահեղ տարբեր կողմնորոշում ունեն սահմանադրական այս փոփոխությունների վերաբերյալ: Ընդհանրապես, այս ընթացքում շատ «ոչ»-եր են «այո» դարձել, «այո»-ներն էլ` «ոչ»-եր, ասում է ՀՀՇ կուսակցության նախագահը: Իսկ կոնկրետ Քոչարյանի մասով նկատում`

«Երկրորդ նախագահը սեփական վերարտադրության հնարավորությունը չի տեսնում, դրա համար է մտահոգված»:

Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների մասով որոշ վերապահումներ, այնուհանդերձ, ունի: Հույս ունի, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կգան ինչ-որ պայմանավորվածությունների, կոալիցիաների կազմավորման, ու դրանով երկրորդ փուլի հարցը չի հասնի, քանի որ «երկրորդ փուլը որոշակի վտանգներ է պարունակում: Մենք, լինելով պատերազմող երկիր, ինչ-որ մի փուլում կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ ամիսներ շարունակ իշխանություն չի ձեւավերցում, պետք է գնանք նոր ընտրությունների եւ այլն» :

Back to top button