Մշակույթ

Կորուսյալ հայրենիքը՝ լուսանկարներում եւ ֆիլմում

alisagevorgyan
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր բացվել է լուսանկարիչ Տաթևիկ Մոլքոնյանի  «Հայի բնօրրան» ցուցահանդեսը: Լուսանկարչական սարքի  օբյեկտիվում մեր կորուսյալ հայրենիքն է: Ինչպիսին կլինեին արևմտահայ չորս հանճարեղ մտավորականների նոբլյան ճառերը, եթե նրանց կյանքը չընդհատվեր 1915 թվականին:  Մեր մեծագույն կորուստների մասին է պատմում նաև Արթուր Բախտամյանի «Չարտասանված նոբելյան ճառեր» ֆիլմը, որն այսօր ներկայացվել է  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ: «Ռադիոլուրի» մշակութային անդրադարձը:

 

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված ցուցահանդեսում Տաթև Մելքոնյանը ներկայացնում է լուսնկարչական սարքի օբյեկտիվով ու սեփական աչքի բիբով ընկալած մեր կորուսյալ հայրենիքի բնապատկերները: «Մեր բոլոր ուխտավորները, որոնք այցելում են Արևմտյան Հայաստան ու  թողնում  այնտեղ իրենց մասնիկը,  մատնահետքերը,  աչքը,  բիբն ու հիշողությունը, իրականում մեծ գործ են անում»,-ասում է ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը:

Ինչպիսին կլինեին արևմտահայ չորս հանճարեղ մտավորականների նոբելյան ճառերը, եթե նրանց կյանքը չընդհատվեր 1915 թվականին:  Արթուր Բախտամյանի «Չարտասանված նոբելյան ճառեր» ֆիլմը ևս մեր կորուսյալ հայրնիքի ու նրա մեծանուն զավակների մասին է: Սիամանթո,  Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, արևմտահայ չորս նահատակ մտավորականներ՝ տարբեր իրենց գրականությամբ, աշխարհընկալմամբ և փորձառությամբ, որոնք, սակայն անցան միևնույն ճանապարհը` Կ.Պոլսի «Հայդար» փաշա կայարանից դեպի մահ… «Նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել  համաշխարհային քաղաքակրթության լիարժեք մասնիկն ու  կանգնել Ստոկհոլմի բեմում ՝ արտասանելով նոբելյան իր ճառը»,-ասում է ֆիլմի հեղինակ Արթուր Բախտամյանը: Ֆիլմում չորս հայ մտավորականների միայն երևակայական ճառերն են, որոնք հնչում են նրանց սպանությունից հարյուր տարի անց՝ խտացնելով մի ողջ ժողովրդի պատմություն:

«Ուր են իմ հայրենիքի երազ թևերով  կարապները, որոնք ակոսում էին ջրերի հիվանդ կուրծքը: Ուր են արարատյան ձյունափառ հսկայի սխրալի հովվերգությունները: Ինչու է այսքան մութ լուսընկան: Ես գիտեմ, որ իմ քնարը հայրենիքի կարոտն է երգում այնպես, ինչպես որ բազում դարերի հեռվից հայոց վրեժն է իր երգը մեզ երգում»:

Ֆիլմում հայ մտավորականների այս խոսքերը հնչում են ժամանակակից Ստամբուլի փողոցներում և այն բնակավայրերում, որտեղ նրանք ապրել և ստեղծագործել են: Քաղաքներ, որտեղից ջնջվել է այս մտավորականների, նրանց ժառանգների ու մի ողջ ժողովրդի հետքը, որտեղ չի հնչում այն հայերենը, որով նրանք 100 տարի առաջ խոսում էին:  Ֆիլմը կթարգմանվի անգլերեն, Թուրքիայում այն կներկայացվի թուրքերենով:

Back to top button