Տնտեսական

Հնարավորությունների՞, թե՞ վաղվա հեռանկարը կործանող բյուջե

lusinevasilyan
ԱԺ նախագահն այսօր շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հանգամանորեն ու շահագրգիռ  քննարկելու համար: Գալուստ Սահակյանն իր խոսքն ուղղել է հատկապես այն ընդդիմադիրներին, ովքեր մասնակցել են քննարկումներին: ԱԺ նախագահը հանդես է եկել  արտահերթ ելույթով: Իսկ Բյուջե 2016-ի քննարկումը դեռ շարունակվում է: Արդեն 4-րդ օրն է  խորհրդարանը քննարկում է այն:

ԱԺ նախագահի գնահատմամբ՝  հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի հիմնական առանձնահատկությունը դրա  իրատեսականությունն է: Սա հնարավորությունների բյուջե է՝ ասել է Գալուսատ Սահակյանը, նաև նշել, որ բազմաթիվ խնդիրների լուծումը ջանքերի համախմբում է պահանջում:

«Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ: Կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ, Ազգային ժողովի  և կառավարության, քաղաքական բոլոր ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում արտաքին մարտահրավերներին դիամակայելու և առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար»:

Ճիշտ հակառակ դիրքերից է հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը գնահատել ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանը: Սա վաղվա հեռանկարը կործանող, սերունդներին պարտքերի տակ գցող  բյուջե է՝ ասել է պատգամավորը  և խոսել հատկապես պետական պարտքի մասին: Դրա դինամիկան, ըստ Մանուկյանի, սարսափեցնող է:

«Հաջորդ  տարվանից պարտքերի մարումը գրավելու է մեր բյուջեի 3-րդ տեղը: 1-ին  տեղում  սոցիալ-մշակութային ծախսերն  են, 2-րդում՝ պաշտպանական եւ անվտանգության ծախսերն են,  3-րդում՝ պետական պարտքի մարումը: Հաջորդ  տարի մեր բյուջեից մարելու ենք 320 մլն դոլար: Իսկ 2020 թվականին դա անցելու է 400 մլն դոլարը: Այ էս է, որ ասում ենք՝ սերունդների համար պարտք եք հավաքում: Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի: Սա է ամենախոսուն ցուցանիշը: Եվ գնալով այս թվերը ծանրանալու են»:

 

Back to top button