Տնտեսական

Շարունակվում է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումը

lenabadeyan
Այսօր խորհրդարանում շարունակվել է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, սակայն, մինչ այդ պատգամավորները քվեարկել են երեկ՝ արտահերթ համարված եւ քննարկված հարցը: Խոսքը՝ Աժ կանոնակարգ օրենքի փոփոխությունների մասին է: Նախագծի հեղինակ Թեւան Պողոսյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ –կառավարություն հարցուպատասխանի ձեւաչափում: Մասնավորապես՝ սահմանափակել գրավոր հարցերի քանակը, ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրին 2-ական հարցի հնարավորություն տալ՝ գործող 3-ի փոխարեն, եւ կրճատել նաեւ հարցի եւ պատասխանի տեւողությունը՝ 3 րոպեն դարձնելով 2 րոպե: Հեղինակը կարծում է, որ  այս կարգը ավելի շատ հարց հնչեցնելու հնարավորթյուն կտա, նաեւ կսահմանափակի մեծամասնության գայթակղությունը՝ գրավոր հարցերով զբաղեցնելու հարցուպատասխանի համար նախատեսված  ժամանակի մեծ մասը: Նախագծի վերաբերյալ վերապահում ունեին  Օրինաց Երկիր եւ ՀԱԿ խմբակցությունները: Քվեարկությունից հետո 97 կողմ 3 դեմ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ: Իսկ ողջ օրվա ընթացքում պատգամավորներն աշխատել են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի վրա:

 

 

Գործող կառավարության համար նախորդի ճակատագիրը այսօր կանխատեսեց նախկին վարչապետ, այժմ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Աժ-ում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս անգամ նա թվերով չխոսեց, նույնիսկ չթաքցրեց, որ խորհուրդներով փորձել է օգնել այս կառավարությանը, բայց կրկին դժգոհ է մնացել:

Հրանտ Բագրատյանի քննադատությունը չընդունեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ասում է ամեն ինչ արվում է այնպես, ինչպիսի պատկերացումներ ուներ հենց Բագրատյանը:

ՀՀ նախկին վարչապետերից Խոսրով Հարությունյանի համոզմամբ` Հայաստանի խնդիրների խնդիրը եւ ապագա զարգացման գրավականը ներդրումներ գտնելն է:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, չկարողացավ համոզել որոշ պատգամավորների, որ տնտեսական քաղաքականության ոլորտում Կառավարությունը հաջողելու է: Ներկայացված փաստաթղթում Օրինաց Երկրից Հովհաննես Մարգարյանը չի տեսել որեւէ ծրագիր 2016-ի համար, որը կկանգնեցնի ուժգնացող արտագաղթը:

Իրավիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացնում են ընդդիմադիրները, իր հերթին համոզված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցին 2016-ի համար տրվող 405 միլիարդ դրամը բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 30 տոկոսն է: Հաջորդ տարվա համար ասելիք չունենալու պատճառով նախարարը որոշ ծրագրերի առումով հիշեցրեց անցած տարիների բարձրացումները:

Հիշեցնեմ, որ կենսաթոշակների, նպաստների եւ այլ ծրագրերով բարձրացումներ հաջորդ տարվա համար նախատեսված չէ: Բայց օրինակ՝ նպաստներում ավելացել է չաշխատող կանանց համար նախատեսվող մայրության նպաստը: 2016-ին սոցապը նաեւ ծախսեր է նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց տաչրբեր տիպի սարքերով ապահովելու համար: 2016-ին կպահպանվի նաեւ ավանդների դիմաց վճարումների ծրագիրը:

7 հազար անձի համար նախատեսվել է 1.5 միլիարդ դրամ: Կառավարության ձգտումը՝ հաջորդ տարում գոնե պահպանել այն, ինչ ունենք այսօր, հպարտանալու տեղ չի տալիս գործադիր իշխանությանը, համոզված է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հաջորդ տարվա բյուջեի քննարկումը խորհրդարանում չավարտվեց նաեւ այսօր: Աշխատանքները կշարունակվեն վաղը:

Back to top button