Միջազգային

Ստամբուլի նախկին հայկական գերեզմանոցի տարածքում մարդկանց ոսկորներ են գտնվել

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվող վերակառուցման աշխատանքների ընթացքում մարդու գանգի մնացորդներ և այլ ոսկրակտորներ են գտնվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում են հայերին, քանի որ այդ տարածքում մինչև 1939թ. հայկական գերեզմանոց է եղել:

Հայկական աղբյուրներին հղում կատարող թուրքական կայքն ընդգծում է, որ գերեզմանոցի տարածքը հայկական համայնքին էր տրվել շնորհիվ սուլթան Սուլեյմանի վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի, որը սուլթանին մի անգամ փրկել էր թունավորվելուց:

1953թ. օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանագրով հայկական գերեզմանոցի շուրջը քարե պարիսպ էր կառուցվել: Ապա Ֆրանսիան և Սարդինիայի թագավորությունը (Իտալիան) գնել էին Թաքսիմի շրջանի որոշ հողակտորներ և այնտեղ հուղարկավորել Ղրիմի պատերազմում զոհված իրենց զինվորներին:

1865թ. Ստամբուլում սկիզբ առած խոլերայի համաճարակը տարածվել էր ոչ միայն ժողովրդի շրջանում, այլ վարակել անգամ որոշ պալատականների: Այդ պատճառով ձմեռային պալատի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանոցում հանգուցյալների հուղարկավորությունն արդեն արգելվել էր: Հայերին և հույներին գերեզմանոցի համար հողատարածք էր հատկացվել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որը խիտ բնակեցված չէր: Այդ գերեզմանոցն օգտագործվում է նաև այսօր:

Թաքսիմի հայկական գերեզմանոցի տարածքի մի մասը սուլթան  Աբդուլ Ազիզի հրամանով բռնագրավվել է 1870թ, երբ տարածքում բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում: Իսկ ամբողջությամբ տարածքը օտարվել էր 1939թ.: Իսկ 1940-ին Ստամբուլի նահանգապետ և քաղաքապետ Լյութֆի Քըրդարը հաստատել էր գերեզմանոցի տեղում ներկայիս Գեզի զբոսայգու և Թաքսիմի տարածքի մի շարք բնակելի շենքերի կառուցման ծրագիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button