Քաղաքական

Այս երկրում ոչ մի «Այո» չկա.Արամ Մանուկյան

arminegevorgyan
ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը ավելի քան համոզված է, այս պահին կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա: Ավելին, մեկուկես տարի է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները թողած, Սահմանադրության վրա ենք կենտրոնացել: Այն դեպքում, երբ գտնվում ենք կիսապատերազմական վիճակում: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ համոզված է, որ պետք է փոխել գործող Սահմանադրությունը, քանի որ գործողը հնարավորություն չի տալիս բարձրացնել կառավարության պատասխանատվությունը:

 

Հայ Ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ է Վրաստանից վերադարձել, այնտեղ հանդիպել է բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ նաեւ իշխող հանրապետականների, որոնք նախաձեռնել էին սահմանադրական փոփոխությունները, որի արդյունքում կառավարման համակարգը կիսանախագահականից փոխվել է խորհրդարանականի: Արամ Մանուկյանի պնդմամբ՝  Վրաստանում արդեն զղջում են, որ անցել են կառավարման այդ մոդելին ու այսօր կանագնել են լուրջ խնդրիր առաջ: Վրաստան գնալուց բացի, Արամ Մանուկյանը շրջել է 40 համայնքներում, զրուցել մոտ  1400 հոգու հետ ու պարզել է մեկ բան.«Որ այս երկրում ոչ մի «Այո» չկա: Հետեւաբար ո՞ւմ էր պետք այս քյալլագյոզությունը, այս պահին բազմաթիվ այլ խնդիրները մի կողմ թողնելը եւ սրանով զբաղվելը: Մոռանացել ենք  մեր արտագաղթի՝ արդեն անվտանգության սահմանն անցնող քանակը, թողել նստել ենք Սահմանադրություն ենք փոխում»:

Դաշնակացական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով Այո –ի ջատագովներից է, լիահույս է, որ նոր Սահմանադրությունը շատ հարցերի պատասախան կտա: Պատգամավորը նշում է, որ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներ, անվստահության մթնոլորտ հնարավոր կլինի  շտկել նոր Սահմանադրությամբ:  Գործող Սահմանադրությամբ պետական մարմինները բավարար պատասխանատվություն չեն ստանձնում իրենց աշխատանքի համար:

Վերջինս հիշեցնում է, որ դեռևս 2010-ին դաշնակացությունը առաջ էր քաշել կարևոր մեկ հարց՝ այն է  կառավարությանը պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ գործող Սահմանադրությունը կառավարության ծրագիրը չի դիտարկում իբրև փաստաթուղթ:

«Չկան կառավարությանը հետ կանչելու մեխանիզմներ, քան ընտրություններն են: Գործող Սահմանադրությունն է խանգարում լուծում տալ բազմաթիվ հարցերի»:

Back to top button