Հասարակություն

Կրկնուսույցներից չենք ազատվելու. ՄԻՊ զեկույցը՝ նոր վեճի պատճառ

lenabadeyan
Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը նոր վեճի պատճառ է դարձել: Այս անգամ Կրթության եւ գիտության նախարարը համամիտ չէ օմբուդսմենի գնահատականների հետ: Իսկ խնդիրը հետեւյալն է. ՄԻՊ-ը հայտարարում է, որ 100 դիմորդից 4 է ընդունվել ԲՈՒՀ առանց կրկնուսույցի հետ պարապելու: Նախարարի պատասխանից, ի դեպ՝ պարզվում է, որ կրկնուսույցներից ազատվելու տարբերակ չկա՝ չենք ազատվելու ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը: Սա Արմեն Աշոտյանի անկեղծ բացահայտումն է:

 

Մարդու իրավունքների պաշտպանի շուրջ 500 էջանոց վերջին զեկույցում որոշակի մաս հատկացված է նաեւ կրթական խնդիրներին: Դրանցից մեկով օմբուդսմենը բարձրաձայնում է դպրոցից ԲՈՒՀ անցնելու ճանապարհին լրացուցիչ օղակ հանդիսացող կրկնուսույցների չլուծվող խնդրի մասին: Պաշտպանի զեկույցում նույնիսկ հստակ թիվ կա գրված՝ 2014-ին 100 ուսանողից 4-ն է ընդունվել ԲՈՒՀ առանց կրկնուսույցի մոտ պարապելու: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքում է՝ ՄԻՊ-ի հետ հաջող համագործակցում են օրինակ իրավունքների խախտման ոլորտում, բայց վերոնշյալ հրապարակված թվերին չի վստահում: «ՄԻՊ-ը չէ, որ պետք է գնահատի կրթության որակը»,- ասում է:

«ՄԻՊ-ը այդ լիազորությունը չունի: Կրթության որակ չեն կարողանում նորմալ չափեն համաշխարհային մաշտաբով, այդ ոնց են չափել ես դա եմ ուզում հասկանալ, ես չգիտեմ այդ թիվը՝ 100-ից 4-ը ես չգիտեմ որտեղից է վերցված: Շատ է հաստատ, բայց 100-ից 4-ը չէ»:

Նախարարը խոստովանում է՝ վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցում է ցանկացած գիրք, որն առնչվում է կրկնուսույցների խնդրին: Մինչեւ խոստացված զեկույցը պատրաստելը կամ հրապարակելը արդեն որոշակի պատկերցում ունի, ուստի անկկեղծ է այս հարցում:

«Շատ անկեղծ ասեմ՝ ամբողջությամբ ազատվել կրկնուսույցներից չի լինելու, վերջում էլ չի ստացվելու: Կրկնուսույցների ինստիտուտը ամենատարածվածն է օրինակ Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: Երկրներ, որոնց կրթության որակը TOP 10-ի մեջ է»:

Կրթական համակարգ-կրկնուսույցներ վեճում կարծես հաղթողներ արդեն կան, իսկ զիջումների գնացող կողմը պարզապես փորձում է արդեն կանոնակարգել նաեւ կրկնուսույցների աշխատանքը:

«Բուն իմաստը իմ վրդովմունքի հետեւյալն է՝ չի կարելի այդ ծառայությունը մատուցել՝ վարկաբեկելով ազգային դպրոցը: Իրենց պարապմունքները թող կազմակերպեն ոչ դասի ժամանակ, կրկնուսույցները խմբեր ձեւավորեն եւ կանչեն պարապելու ոչ դպրոցի հաշվին, ժամը 14.00-15.00 –ից հետո: Միակ գերակա հարցն այսօր սա է»:

Հիշեցնեմ, որ կառավարությունն արդեն մշակում է այնպիսի մի նախագծեր, որոնցով հարկման դաշտ հնարավոր է մտնեն նաեւ կրկուսույցները, բայց սա այլ ոլորտի կարգավորում է: Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, ապա կրկնուսույցներից ազատվելու տարբերակ չէ նաեւ ընդհանրապես ԲՈՒՀ-ական ընդունելության քննություններից հրաժարվելը: Սա կառաջացնի նոր խնդիրներ խոստովանում է նախարարը՝ նշելով, որ ընդունելության քննություններից հրաժարվելու դեպքում դիմորդի գիտելիքի չափանիշը պետք է լինի դպրոցի ավարտական ատեստատը:

«1300 դպրոցում չենք կարող վերահսկել քննությունները: Խոստովանեմ 56 քննական կենտրոն ենք ստեղծում ընդունելության քննությունների համար ամբողջ երկրով լարվում ենք, որ մի բան չլինի այդ 56 կենտրոնում: Բա 1300-ը ոնց ենք հսկելու: Չունենք այդ կարողությունը, ցավոք սրտի: Ես էլ գիտեմ, չէ, որ այդ ավարտական քննությունների դպրոցական քննությունների մի մասը ֆորմալ բնույթ է կրում»:

Ինչ վերաբերում է դպրոցների ընդհանուր վիճակին, ապա կրթության եւ գիտության նախարարի հաշվարկների համաձայն՝ 1 միլիարդ եվրո է անհրաժեշտ դպրոցները կարգի բերելու համար: Այսօրվա դրությամբ պետբյուջեն այն վիճակում չէ, որ կարողանա լուծել այս կարիքները:

Back to top button