Հասարակություն

Անհետ կորածի ընտանիքը չունի սեփական տուն

satikisahakyan

1988 թվականին բռագաղթելով Ադրբեջանի Շամխորի շրջանի Նյուզգեր գյուղից անհետ կորած ժամկետային զինծառայող Անդրեյ Թովմասյանի ընտանիքը  մինչև հիմա չունի սեփական տուն: Տեղահանում, որդու անհետ կորում, սեփական տանիքի բացակայություն, հոգս ու ցավ, որը 27 տարի անընդմեջ հանգիստ չի  տալիս Սյոմա և Գեղեցիկ Թովմասյանների ընտանիքին: Կսկիծը սրտում պահած նրանք  քեֆ- ուրախություններից հեռու են մնում: «Ես մինչև օրս իմ տան դուռը չեմ փակում, անընդհատ  սպասում եմ իմ երեխուն, շատ եմ տառապում: Ես էս քսան տարվա ընթացքում բանակի քեֆի մասնակցած չկամ, ախպորս տղին տարան՝ կուխնյայից էն կողմ չգնացի: Էս քսան տարի է իմ աչքի արցունքը չի կտրվում »,- ասում է  ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած Անդրեյ Թովմասյանի մայրը:

 

1995 թվականի մարտի 24-ին զինվորական պարտականությունները կատարելիս անհետ կորել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից  ժամկետային զինծառայող Անդրեյ Թովմասյանը: Հայրենասիրությունը նրա մեջ եռում էր, գնահատել էր  սեփական հողի ու հայրենիքի արժեքը, քանի որ դեռ 12 տարեկանում արդեն կորցրել էր հարազատ ծննդավայրը՝ Շամխորի շրջանի Նյուզգեր գյուղը:  Մայրը՝ Գեղեցիկ Թովմասյանը պատմում է՝ դպրոցն ավարտելուց հետո կամավոր զինվորագրվել ու պահել էր  հայրենի սահմանը:

Ծնողները որդուն վերջին անգամ տեսել են 1994 թվականի նոյեմբերի 9-ին, ուղիղ 21 տարի առաջ զորակոչվել ու ծառայել է Էջմիածնի զորամասում, հաջորդ տարվա գարնանը զորամասից տարել են սահման՝Քարվաճառ, որտեղից էլ անհետ կորել է: Սյոմա և  Գեղեցիկ   Թովմասյանները  հավատում են  որդու վերադարձին, սպասում ՝ նրան:  Հույսը չի մարել, քանի որ անհետ կորելուց հետո տեղեկություն էր  ստացվել որդու գտնվելու վայրի մասին: «Երբ մեկ տարի անց Վարդենիսի կոմբայնավարներին բաց թողեցին Շուվելյան բերդից, նրանց հետ կար երկու ռազմագերի, իրենք էլ պատմեցին տղայիս մասին, ասեցին, որ ծեծել են, վերևի ատամները թափած էր»,- արցունքն աչքերին պատմում էր Գեղեցիկը:

Գեղեցիկ Թովմասյանը տղայի միակ զինվորական նկարը ձեռքին  դիմել է տարբեր կառույցների, որպեսզի կարողանան այդ նկարով ճանաչել ՝  ավետիսի ակնկալիքով: Սպասումները  երկար ու ձիգ են,  մինչև օրս:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 1992 թվականից Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում   զբաղվում է ռազմագերիների և անհետ կորածների հարցերով:  Հակամարտության ընթացքում եռակողմ կա ավելի քան 4600 անհետ կորած, որից 400-ից ավելին՝ Հայաստանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության  հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ  իրենց մոտ կա այն անհետ կորածների տվյալները, որոնց հարազատները դիմել են տեղեկություններ ստանալու նպատակով:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ են տանում եռակողմ տեղեկություններ  տրամադրելու վերաբերյալ,  ձեռնամուխ է եղել ահնայտ կորածների ընտանիքի անդամներից գենետիկ նմուշների հավաքագրմանը, որպեսզի հետագայում կարողանան  նույնականացնել անհետ կորածների տվյալների հետ:

Անհայտ կորած Անդրեյ Թովմասյանի  ընտանիքը չունի սեփական տանիք, 1994 թվականից  ապրում է ուրիշի հարկի տակ:  Հայրը՝  Սյոմա Թովմասյանն ասում է, որ 1988 թվականից ապրել են կիասավեր տանը, որից հիմա միայն փլատակներն են մնացել, իսկ 1994 թվականից հարևանի տանը՝  նրա Ռուսաստանի Դաշնություն վերաբնակվելուց հետո:  «Մենք էդ մարդուն փող ենք տվել, ասելա էնքան, որ իմ ծախսերը հանի՝ ցելաֆոնի ու պերեգարոդոչնի դիֆտի դիմաց: Ասեց տունը պետական է: Մինչև հիմա էդ տան հարցը չենք կարում լուծենք»: Պետական համարվող տան կիսախարխուլ պատշգամբը նորոգել են սեփական միջոցներով, պատ շարել, դուռ ու լուսամուտ տեղադրել,  ցանկացել են շարունակել վերանորոգման աշխատանքները՝ հույս ունենալով, որ կկարողանան կարգավորել խնդիրը, սակայն  հարցն այդպես էլ օդում կախված է մնացել: Գեղեցիկը պատմում է, որ այդ ծանր  տարիներին   շատերը հեռացել են գյուղից և  առանց ծախսերի  տունն ու տեղը  թողել ուրիշին:

Հոգեբանական բարդությունները համադրելով սոցիալականի հետ անհետ կորածի ընտանիքը ապրում ու արարում է Վարդենյաց լեռնաշղթայի ստորոտում:  Բնակարան ստանալու նպատակով որպես անհայտ կորածի ընտանիք  հերթագրվել են, սակայն իրենք էլ չեն հավատում, որ օրերից մի օր  հայրենիքում կունենան  սեփական բնակարանը, քանի որ գտնվում են  բնակարանի հերթագրման ընդհանուր ցուցակի 1775-րդ  հերթում: Կրտսեր որդին կիսատ է թողել տան նորոգումներն ու ցանկանում է վերաբնակվել Ռուսաստանում, ծնողները համաձայն չեն, տան դուռը չի փակվելու, որդուն են սպասում. «էս հողի համար ես զոհ եմ տվել, արյուն եմ թափել, սպասում եմ, չեմ ուզում իմ հողիցը կտրվեմ, ուզում եմ տուն ունենամ, հիմնավորվեմ : Իմ հողի վրա ես ոտս ռիսկով եմ խփում, եթե հարկ լինի ես ավտոմատը ձեռքս կվերցնեմ ու կպաշտպանեմ իմ հողը»,- հուզմունքն ու ոգևորությունը միախառնած խոսքն ավարտեց  անհետ կորած զինվորի՝ Անդրեյ Թովմասյանի  մայր Գեղեցիկ Թովմասյանը:

Կսկիծը  փորձում են փարատել թոռներով:  Երբեմն իրենց հյուր է գալիս փոքրիկ Անդրեյը, աղջկա որդին, թոռնուհին՝ Անին, սակայն դա ժամանակավոր է, աչքը՝ ճամփին է:

Back to top button