լրացված 12.10-ին
Ֆրանսիայում այս գիշեր ահաբեկչությունների շարք է գրանցվել վեց տարբեր վայրերում։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 153 է: Ահաբեկչությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 200 մարդ:
Փարիզում պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ընթացել է Ֆրանսիա-Գերմանիա ընկերական ֆուտբոլային խաղը: Ի դեպ, խաղին ներկա է գտնվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Մարզադաշտի մոտ հնչած պայթյուններից հետո նախագահին էվակուցարել են, որից հետո երկրի նախագահն անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ երկրում հայտարարելով արտակարգ դրություն: Նա նաեւ հայտնել է Ֆրանսիայի սահմանները փակելու մասին:
Մեկ այլ հարձակում է իրականացվել Փարիզի «Բատակլան» թատրոնում: Տասնյակ հանդիսատեսներ սպանվել են, մոտ 100-ը պատանդ վերցվել:
Հարձակումներ են իրականացվել նաև Փարիզի առնվազն երկու սրճարաններում: Այնտեղ ահաբեկչության զոհ է դարձել 11 մարդ:
Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:
Փարիզի ահաբեկչություններից ժամեր անց հաղորդվել է Ժորժ Պոմպիդուի անվան Ֆրանսիայի ազգային մշակույթի և արվեստի կենտրոնի վրա հարձակումների մասին: Մեկ այլ պայթյուն է իրականացվել Les Halles առևտրի կենտրոնի մոտ:
Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության 6 դրվագներով:
Ի հիշատակ Ֆարանսիայի ահաբեկչության զոհերի՝ այս գիշեր Նյու Յորքի, Դալասի և Լոնդոնի նշանավոր շենքերը Ֆրանսիայի դրոշի գույներով էին լուսավորվել: