Քաղաքական

Խորհրդարանն ընդունեց նույնականացման քարտով քվեարկելու օրինագիծը

լրացված 17.15-ին
lusinevasilyan
Խորհրդարանն այսօր ձայների 74 կողմ, 13 դեմ ,  18 ձեռնպահ հարաբերակցությամբ  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել  է Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում  փոփոխությունների նախատեսող  նախագիծը:  Բուռն քննարկումների առիթ դարձած փաթեթով, հիշեցնենք, առաջարկվում է թույլատրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեին նույնականացման քարտերով մասնակցությունը: Հայաստանում մոտ 180 հազար քաղաքացի որպես անձը հաստատող փաստաթուղթ ունի միայն նույնականացման քարտ, մոտ 500 հազարը՝ նույնականացման քարտ և անձնագիր:  Խորհրդարանն առանց դեմ ձայների ընդունել է նաև «Պետական նպաստների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, փոխարենը պատգամավորները  նույնքան միանշանակ չեն վերաբերվել Կենտրոնական բանկում և մի քանի դատարաններում հաստիքների ավելացման առաջարկներին:

 

 

Նախագիծը, որով առաջարկվում է  «Կենտրոնական բանկի մասին» oրենքում փոփոխություն կատարել, ԿԲ նախագահի երկրորդ տեղակալի հաստիք է նախատեսում:  Գործող կարգով ԿԲ նախագահը մեկ տեղակալ ունի: Երեկ պատգամավորներն այս առաջարկը քննարկելիս  կենտրոնացան նոր հաստիքից բխող ծախսերի վրա, թեման Տիգրան Ուրիխանյանը շարունակեց նաև այսօր՝ քվերակությոնից առաջ:

Նախագիծն ընդունվեց ձայների 68 կողմ,  5 դեմ,  31 ձեռնպահ հարաբերակցությամբ. կողմ  քվեարկեց միայն Հանրապետական խմբակցությունը: Մյուս օրինագիծը նույնպես հաստիքների ավելացում է ենթադրում, բայց դատական համակարգում:

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ սահմանող  օրինագիծը: Առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի երկու վարչական շրջանների՝ Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի, ինչպես նաև  Աջափնյակի և Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը, առաջինում  5-ը դարձնել 7, իսկ երկրորդում 9-ը՝ 11:

Կառավարությունը փոփոխությունը հիմնավորում է  այս դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությամբ:  Օրենքին կցված հիմնավորման մեջ նաև վիճակագրություն է ներկայացվում:  Ըստ դրա՝ Երևանի առաջին ատյանի դատարանները 2014-ին 1487 քրեական գործ են քննել, դրանցում քրեական մասնագիտացում ունեցող  23 դատավորի հաստիք կա: Սա նշանակում է, որ   մեկ դատավորի տարեկան միջին հաշվով  65 գործ է քննել: Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների դատարաններում, սական, պարզվում է  քրեական գործերի հոսքը , հետևաբար նաև դատավորի միջին ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է ՝ տարեկան մոտ 85  գործ: Կառավարությունն այստեղ առաջարկում է քրեական մասնագիտացում ունեցող  դատավորի 2 լրացուցիչ հաստիք ավելացնել:

Աջափնյակի և Դավթաշենի  ընդհանուր իրավասության դատարաններն էլ, պարզվում է, կաղում են քաղաքացիական գործերը քննելիս: Այստեղ էլ դատավորի ծանրաբեռվածությունը միջինից մեծ է 1.5 անգամ: Կառավարությունն ասում է նաև, որ դատավորների թվի՝ 4 ավելացումը կնպաստի գործերը  ողջամիտ ժամկետում քննելուն:

Ընդհանրապես, պարզվում է Հայաստանում դատավորների քանակը մեծ չէ. Մեր երկրում 100 հազար բնակչին ավելի քիչ դատավոր է բաժին ընկնում, քան օրինակ եվրոպական երկրներում: Արդարադատության նախարար Արսեն Մկրտչյանն այս հարաբերակցությունը նշեց.

«Եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչին բաժին է ընկնում մոտ 21 դատավոր, մեր երկրում ՝ մոտ 6 դատավոր»:

Ավելացման առաջարկը քննարկելիս պատգամավորները խոսեցին ընդհանուր չափորոշիչներ մշակելու, ծանրաբեռնվածության հիմնավորումները լրջորեն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Գագիկ Ջհանգիրյանն, օրինակ, նախ տարակուսեց. ոստկանության վիճակագրությամբ հանցագործությունները տարեցտարի նվազում են, բայց դատարաններում քննվող գործերն ու դատավորների ծանրաբեռնվածությունը՝ ավելանում:  Սա, ըստ Ջհանգիրյանի, ցուցիչ է, որ.

«Այժմ արդարադատություն ավելի հեշտ է իրականացնել հեղինակությունների ու գողականների միջոցով, որոնք, թեեւ, իրենք էլ իրենց տոկոսներն են վերցնում, սակայն դա ավելի ձեռնտու է, քան դատարաններում չորս-հինգ ամիս սպասելը, որ վեճը լուծվի»:

Կողմ լինելով նախագծին ՝ Ջհանգիրյանն արձանագրում է, որ խնդրի արմատներին չեն անդրադառնում: Նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը նույնպես է կողմ է, ավելին՝ զարմանում է, որ պատագամավորներն ամեն անգամ բանավեճ են սկսում դատավորների քանակի կամ աշխատավարձերի բարձրացման թեմայով: Այդ թեման չհանդուրժողներին Մարուքյանը հիշեցնում է 1072 ծառայողական մեքմենաների թեման:

Ի դեպ, քննարկման ժամանակ պարզվեց, որ դատարանների ծանրաբեռնվածութույնը վերացնելու համար կառավարությունը կարծում է, որ դատավորների թիվը պետք է ավելանա առնվազն երկու անգամ:

Back to top button