Մոսկվան արդեն դիտարկում է ահաբեկչության վարկածը
Ռուսաստանի իշխանությունները խոստովանում են, որ Սինայի թերակղզում տեղի ունեցած և 224 մարդու կյանք խլած ավիաաղետը կարող էր ահաբեկչություն լինել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է ահաբեկչության վարկածը, ուստի որոշել է դադարեցնել Եգիպտոսի հետ կանոնավոր չվերթերի իրականացումը: Ռուսաստանը շարունակում է նաև տարհանել իր քաղաքաղիներին Եգիպտոսից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուղեբեռը տեղափոխվում է առանձին:
Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվան հնարավոր է համարում ոչ միայն Եգիպտոսի, այլև մյուս երկների հետ ավիահաղորդակցության դադարեցումը: Ռուսաստանի կառավարությունում Коммерсант-Online-ի աղբյուրը հայտնել է, որ նախօրեին գործադրի նիստում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշվել է, որ հնարավոր է չվերթեր չիրականացվեն նաև այլ՝ ռուս զբոսաշրջիկների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկներ:
Իսկ Եգիպտոս թռիչքների դադարեցումը կարող է տևել ամիսներ և անգամ տարիներ: Կառավարությունից տեղեկությունը չեն հաստատել, սակայն նշել են, որ Մոսկվան այժմ վերլուծում է ռուսական թռիչքների անվտանգությունն ամբողջ աշխարհում: Դաշնության խորհրդում նույնպես հնարավոր են համարում Ռուսաստանից այլ ուղղություններով թռիչների դադարեցումը: Կառույցի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
«Իսլամական պետությունը» և ահաբեկիչներն ընդհանրապես ընդլայնել են իրենց ազդեցությունը: Պետք է պատրաստ լինել նրան, որ Ռուսաստանը կարող է դառնալ թիրախ-պետություն,- ասել է պաշտոնյան:
Ռուսաստանի պետական կառույցներում «Կոմերսանտի» բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումը դարձել է Եգիպտոսի հատուկ ծառայությունների դավաճանության հետևանք: Աղբյուրը նշել է, որ այժմ ստուգվում է տեղեկատվությունն այն մասին, որ մինչ Airbus A321 օդ բարձրանալը, անհայտ պատճառներով թույլ է տրվել օդանավ բարձրանալ կողնմակի մարդկանց:
Ավելի վաղ, Reuters գործալակության աղբյուրը՝ հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրներին, չէր բացառել, որ ահաբեկիչները գաղտնի ներխուժել են Շարմ-էլ Շեյխի օդանավակայանի անվտանգության ծառայության շարքերը: