Հասարակություն

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է երիտասարդներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երիտասարդներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:

Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում: Ըստ էության, հենց խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը:

Տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի և մնացած բոլոր ոլորտներում, նաև պետական ու տեղական ինքնակառավարման համակարգում այսօր ունենք բազմաթիվ երիտասարդներ, ովքեր իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ ոչ միայն մեր հպարտությունն են, այլև առաջարկելով և կյանքի կոչելով բազում համարձակ ծրագրեր՝ իրենց եռանդով ու լավատեսությամբ ապահովում են ապագայի նկատմամբ մեր վստահությունը:

Կարևորելով մայրաքաղաքի կառավարման գործում երիտասարդների մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանն էլ անում է հնարավորը երիտասարդության ներուժն առավելագույն բացահայտելու և նրանց համարձակ գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորելով՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ. թող ձեր եռանդը, հայրենիքի նկատմամբ սերը լինի անսպառ ու էլ ավելի ջերմացնի մեր բարի մայրաքաղաքը»:

Back to top button