Հասարակություն

«Բյուջե 2016». Օմբուդսմենը ԱԺ քննարկմանը չէր ներկայացել

lenabadeyan
Չորրորդ օրն է, ինչ խորհրդարանում շարունակվում են «Բյուջե 2016»-ի քննարկումները: Այսօր հերթը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանինն էր: Կառույցը ֆինանսավորումից դժգոհ չէ, բայց այստեղ էլ պատգամավորները որոշեցին ճիշտ վարքագիծ սովորեցնել օմբուդսմենին:

 

Մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր, ըստ էության, չկարեւորվեց ոչ օմբուդսմենի, ոչ էլ պատգամավորների կողմից: Այս մասով հաջորդ տարվա բյուջեի քննարկումն ընթացավ ընդամենը 6 պատգամավորի ներկայությամբ՝ առանց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի: Դա անհարգալից վերաբերմունք որակեցին պատգամավորներն ու խիստ նկատողություն արեցին: Ենթադրում են, որ վերջին քննարկումներից հետո է խորհրդարանից նեղացել պարոն Անդրեասյանը: Հենց այդ ժամանակ էլ նրան զգուշացրել էին՝ իր փոխարեն Աժ չուղարկի տեղակալներին: Այս անգամ հնչած դժգոհությունները նրան կփոխանցի աշխատակազմի ղեկավարը՝ նա էր եկել Աժ: Եվ նրան էին ուղղված թե պատգամավոր Ալիկ Արզումանյանի, թե Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանի նկատողությունները:

«Մեզ համար անընդունելի է, երբ գերատեսչության ղեկավարը չի գալիս: Կոնկրետ Մարդու իրավունքների պաշպանը, որը Հայաստանում է գտնվում, պետք է մասնակցի քննարկումներին: Հակառակ դեպքում պատկերացրեք իրավիճակ, որ որեւէ մեկը մեզանից չգար, չային մեր օգնականները: Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի եւ դեմարշներ կատարվեն»,- ասաց Արզումանյանը:

«Այսօր այստեղ ՄԻՊ բացակայությունը մեկ անգամ եւս մտածելու տեղիք է տալիս՝ արյո՞ք այս համագործակցությունը փոխադարձ է: Մենք այդպիսի համաձայնություն չէին ձեռքբերել, որ Պաշտպանը չի մասնակցելու այսօրվա հանձնաժողովի նսիտին: Աժ-ն պահանջում է պատշաճ վերաբերմունք բոլոր գերատեսչությունների կողմից: Հարգանքը Աժ-ի նկատմամբ ենթադրում է փոխադարձ հարգանք այդ գերատեսչությունների նկատմամբ՝ լինի դա ՄԻՊ-ը, թե կառավարության այլ նախարարությունները»,- նկատեց Էլինար Վարդանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանն այս ամենին պատրաստ չէր, ուստի արդարացավ միայն այսպես. «Քանի որ ֆինանսատնտեսական, բյուջետային հարցեր էր քննարկվում, դրա հետ կապված չունեինք կառավարության հետ որեւէ անհամաձայնություն, ուստի այսպիսի որոշում կայացվեց: Մենք միշտ հարգալից վերաբերմունք ենք ունեցել, այնպես որ խնդրում եմ, մի վերագրեք դա անհարգալից վերաբերմունքի»:

«Այդ դեպքում հաշվապահին ուղարկեիք»,- հակադարձեց Ալիկ Արզումանյանն ու դուրս եկավ դահլիճից:

Բյուջետային հիմնավոր քննարկում այդպես էլ չստացվեց: ՄԻՊ գրասենյակը չի դժգոհում եւ հակասություններ չունի կառավարության հետ: ՄԻՊ գրասենյակն ընմբռումով է մոտենում երկրի վիճակին եւ չի պահանջում Հայաստանի օմբուդսմենի ծախսեը հավասարեցնել օրինակ Ֆրանսիայի օմբուդսմենի ծախսերին:

Համեմատությունն, ի դեպ՝ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարինն է: Իսկ գոհ են, որովհետեւ կարողանում են տնտեսումներ անել: Ասում է եթե օրինակ անվադողեր գնել պետք չէ՝ այդ գումարն ուղղում են այլ խնդիրների լուծմանը: Հաջորդ տարի ՄԻՊ գրասենյակը ստանալու է 256 միլիոն դրամ, ինչն այս տարվա համեմատ ավելի է շուրջ 7 միլիոնով: Ֆինանսավորման ավելացումը կապված է օրենքով նախատեսված՝ պետական ծառայողների աշխատավարձի բնականոն աճով եւ էլեկտրաէներգիայի վարձավճարների փոխհատուցմամբ:

Այս ամենից առավել պատգակավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է մեկ այլ հարց. շատ հաճախ դիմումներ է ստանում ցմահ ազատազրկվածներից, որոնց գործերի մի մասը դատական վերանայման անհարեժեշտություն ունեն եւ վաղաժամկետ ազատման սպասող դատապարտյալներից՝ համապատասխան հանձնաժողովից դժգոհություններով: Ինչ է մտածում այս մասին ՄԻՊ-ը ստիպված եղավ պատասխանել աշխատակազմի ղեկավարը:

«Երեկ ՄԻՊ-ը գտնվել է ՔԿՀ-ում եւ այնտեղ հանդիպումներ է ունեցել դատապարտյալների հետ: Դրա մասին, ինձ թվում է, առաջիկայում ինքն այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:

Շատ լավ է, շատ հաճելի է, որ պաշտպանն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա, բայց խնդիրն այն է, որ այդպես էլ լուծում չի ստանում այս կարեւորագույն երկու հարցը: Հայտարարություն անելով հարցը լուծվելու՞ է՝ սա է խնդիրը»,- հավելեց Նաիրա Ջոհրաբյանը:

Back to top button