Հասարակություն

Կառավարության այսօրվա օրակարգում

hasmikdilanyan
Հերթական վարկային նախագիծը կհաստատվի
Կառավարությունն այսօր հերթական վարկային նախագիծն է հաստատելու: Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով մեր երկիրը 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ կստանա: Այն տրամադրվելու է երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Գումարներն ուղղվելու են էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության , պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բիզնեսի վարման պայմանների բարելամանը:

Փոփոխություններ՝ ՃՈ կանոնադրությունում 

Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունում փոփոխություններ կկատարվեն: Նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշմամբ։ 2006 թվականից մինչ օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված մի շարք փոփոխությունների հետևանքով, այժմ անհրաժեշտություն է առաջացել այդ փոփոխություններն ամրագրել Ճանապարհային ոստիկանության կանոնադրության մեջ։ Բացի այդ, անցած ութ տարիներին գործնական կիրառության ընթացքում ի հայտ են եկել Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների տեսակների և անվանումների հետ կապված խնդիրներ, որոնց լուծումնրը ներկայացված են նախագծով։ Նախագծով նախատեսվում է Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունը համապատասխանեցնել գործող օրենքների պահանջներին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ավտոմեքենաների սպասարկման համակառույցների նախագծերի կատալոգի մշակման գործընթացը կհետաձգվի 

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծով, այսօր որոշ ժամանակով կհետաձգվի Հայաստանը ավտոճանապարհներին հարող տարածքներում ավտոմեքենաների սպասարկման համակառույցների (ավտոգազալցակայան, բենզալցակայան և դրանց կազմում ներառված շինություններ, վառելիքի ստորգետնյա պահեստարաններ, սպասարկման օժանդակ կառույցներ, բարեկարգում և այլն) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգի մշակման գործընթացը: Սա պայմանավորված է , ՀՀ վարչապետի 2015 թվականի ապրիլի 9-ի հանձնարարականով: Հիշեցնենք, այս տարվա ապրիլից ժամանակավորապես կասեցվել է հանրապետության տարածքում նոր ավտոգազալցման ճնշակայանների կառուցման գոծընթացը` մինչև «Գազպրոմ Պրոմգազ» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության գազաֆիկացման գլխավոր սխեմայի մշակման աշխատանքների ավարտը:

Կհստակեցվեն ԵԱՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության հարցեր

Հայաստանի կառավարությունում այսօր հստակեցվելու են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցեր: Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և շրջանառության կարգավորման առանձնահատկությունների սահմանումը պայմանավորված է Ղազախստանի Հանրապետության Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու հետ: Հոդվածներից մեկով սահմանվում է, որ Ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ԵԱՏՄ ենթադիրքերում ներառված շաքարի հումքը, ինչպես նաև այդ շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, ենթակա չեն արտահանման այլ անդամ պետությունների տարածքներ: Ղազախստանի Հանրապետությունը կապահովի շաքարի հումքի և դրանից արտադրված սպիտակ շաքարի շրջանառության նկատմամբ հսկողության անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի համար Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրության եւ սպառման հաշվեկշիռների՝ ամենամյա կտրվածքով ներկայացումը Հանձնաժողով: Հիշեցնենք, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների տեղափոխման և ներմուծման որոշ հարցերի մասին» Արձանագրություն է ստորագրվել:

«Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կհետաձգվի

Կառավարությունն այսօր «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով: Ընկերությունը, տեղեկացնենք, հիմնականում Գերմանիայից, ու ընդհանրապես եվրոպական երկրներից ներմուծում է Հանքային նյութեր, Վարդերի սածիլներ, Պլաստմասսայե դետալներ, սնուցող պոլիմերային ասեղիկներ, Էլեկտրական լուսատուներ իրենց լամպերով: Նախագծի հիմնավորման համաձայն, Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊ ընկերությունը նպատակ է դրել վերազիննել և գյուղմթերքի արտադրությունը փոխարինել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ` գրավելով արտաքին շուկայի հատկապես Ռուսաստանի Դաշնությունում վարդերի իրացման շուկայի զգալի մասը: Վերոնշյալ գործունեության իրականացումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում, օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները, կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց:

Back to top button