Միջազգային

Հրդեհը՝ հրաժարականի պատճառ. Ռումինիայի նախարարների կաբինետը՝ վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է հրաժարականի մասին: Նրա հետ լիազորությունները վայր կդնի նաև նախարարների կաբինետն ամբողջությամբ: Կառավարության հրաժարականի պատճառը Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրդեհն էր, որի հետևանքով զոհվել էր 32 մարդ: Ավելի քան 20 հազար ցուցարարներ Ռումինիայի մայրաքաղաքում անցած հանգստյան օրերին պահանջում էին վարչապետի հրաժարականը, մեղադրելով իշխանություններին կոռուպցիայի մեջ: Վիկտոր Պոնտան Ռումինիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականին:

«Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար: Դա շատ լուրջ խնդիր է, մենք խոստանում ենք շատ արագ լուծել այս խնդիրը», կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դրագնյայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհը բռնկվել էր անցյալ ուրբաթ: Կիրառել էին  հրավառվող նյութեր, որոնց համար թույլտվություն ակումբի տերերը չունեին: Հրդեհի պահին ակումբում եղել էր 400 մարդ: Սեփականատերը ձերբակալված է, նրան մեղադրում են սպանության մեջ՝ անզգուշության հետևանքով:

Back to top button