Սոցիալական պաշտպանության ոլորտին կուղղվի շուրջ 405 մլրդ դրամ
2016 թ. բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին կուղղվի շուրջ 405 մլրդ դրամ: Սոցիալական ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են մոտ 15 մլրդ-ով և կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի 29.5%-ը: Այսօր խորհրդարանում քննարկել են Բյուջե 2016-ի սոցիալական հատվածը:
Ինչպես հայտնի է, կառավարությունը 2016-ին աշխատավարձերի և նպաստների բարձրացում չի խոստանում: Իսկ սոցիալական ծախսերի՝ մոտ 4 տոկոսով կամ 15 մլրդ դրամով ավելացումը բացատրում է շահառուների թվաքանակի ավելացմամբ, նաև չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու ծրագրի ներդրմամբ: Ֆինանասների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ասել է, որ ավելացող 15 մլրդ-ից 8.5 մլրդ-ը հատկացվելու է կուտակային կենսաթոշակների համակարգին՝ պայմանավորված համակարգ ընդգրկվողների թվի ավելացմամբ:
«Մոտ 8.5 մլրդ դրամը կամ ավելացող գումարի մոտ 60 տոկոսը տրամադրվել է կուտակային համակարգին: Սա պայմանավորված է համակարգի մասնակիցների թվաքանակի աճով: Հաշվարկի հիմքում ընկած է մասնակիցների 137 500 թիվը՝ նախորդ տարվա 118 700-ի դիմաց»: