Քաղաքական

Ինչու է պետք նոր Սահմանադրությանն «Այո» ասել

karenghazaryan
ՀՅԴ-ն ԳՄ ամբողջ կազմով ձեւավորել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչության շտաբ: Շտաբի աշխատանքները համակարգող ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ամբողջ հանրապետությունում կազմավորել են  100 շտաբ եւ քարոզչություն են իրականացնելու 5 աշխատանքային խմբերով: Դաշնակցությունը ձեւավորել է նաեւ ընտրական հիմնադրամ եւ առաջիկայում կհրապարակի հանրամատչելի բուկլետ, որտեղ ավելի պարզ ձեւակերպված կլինեն Սահմանադրության նախագծի առավելություններն ու գործող Սահմանադրության թերությունները եւ թե ինչու է պետք նոր Սահմանադրությանն «այո» ասել:

 

Դաշնակցությունը Սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու ակտիվ քարոզչությունը կսկսի նոյեմբերի 14-ից: Հրապարակային հանդիպումներ կլինեն բոլոր մարզերում: Յուրաքանչյուր մարզում՝ առնվազն 3-4 հանդիպում: Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք կօգտվեն նաեւ օրենքով սահմանված հեռուստատեսությունների եւ Հանրային ռադիոյի եթերներում նախատեսվելիք վճարովի եւ անվճար եթերաժամանակից: Դաշնակցությունը քարոզարշավն անցկացնելու է միայնակ, որի համար ունի իր հիմնավորումները՝ ասաց Աղվան Վարդանյանը:

Կառավարման խորհրդարանական համակարգը եղել է Դաշնակցության սկզբունքային մոտեցումը 90-ականների սկզբից եւ այսօր մեղադրել, թե Դաշնակցությունը գնում է դեպի իշխանություն, նշանակում է «սայլը եզից առաջ դնել»՝ ասաց դաշնակցական պատգամավորը:

Նոր սահմանադրությունը նոր ճանապարհ, նոր դուռ է բացելու Հայաստանի նորմալ զարգացման համար: Դաշնակցությունն ունի այս հարցում իր հստակ մոտեցումները, սկզբունքներն ու իր հիմնավորումները եւ երբեք չի լինելու որեւէ այլ քաղաքական ուժի սպասարկող ուժ՝ շեշտեց դաշնակցական պատգամավորը: Նրա խոսքով՝ համագործակցում են բոլոր այն ուժերի հետ, որոնք ինչ-ինչ կետերում ունեն համընկնող կամ մոտ դիրքորոշումներ: Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենց համար կարեւոր է նոր Սահմանադրության ընդունումը, բայց նաեւ կարեւոր է, որ այն ընդունվի հնարավորինս նորմալ հանրաքվեի միջոցով եւ ոչ թե կեղծիքներով, ինչը կրկին լեգիտիմության խնդիր կարող է առաջ բերել: Նրա խոսքով՝ 650 հազար ձայն հնարավոր է ապահովել նորմալ աշխատանքով:

Back to top button