Հասարակություն

Դիաբետով հիվանդ երեխաներին անվճար կտրամադրվեն գրիչ- ներարկիչներ

aidaavetisyan

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  անդամ երկրները նոյեմբերի 14-ին կնշեն Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս տարի  ՀՀ  կառավարության կողմից հավանության է արժանացել «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են  շաքարային դիաբետի առաջին տիպով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներն ու 18-22տարեկան երիտասարդները:  Ծրագրի մեկնարկը կազդարարվի ՀՀ  առողջապահության նախարարության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած  Cartoon nonstop բարեգործական մանկական համերգով, որն էլ տեղի կունենա նոյեմբերի 3-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընդհանրապես չի արտադրվում, երկրորդ կարգի դիաբետն առաջանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետն ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության պարագայում:

Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը բժշկասոցիալական խնդիր է, որի ճիշտ և կանոնավոր չբուժման դեպքում  կարճ ժամանակահատվածում բերում է  հաշմանդամության և կյանքի միջին տևողության  կրճատման: Հայաստանում գրանցված է առաջին կարգի դիաբետով մոտ 450 հիվանդ երեխա, իսկ երկրորդային դիաբետով՝  4 երեխա:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեց տարի դիաբետիկների թիվն ավելանում է: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, երբ  տարեկան արձանագրվում էր  2000-3000 հիվանդ, ապա վերջին տարիներին նրանց թիվը հասնում է  7-8 հազարի, ասում է ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյան:

Թեև առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգը  վստահեցրեց, որ շաքարային դիաբետով հիվանդ բոլոր երեխաները ապահովված են  եվրոպական արտադրության ինսուլինով, սակայն հավելեց, որ  աշխարհում կիրառվում են նորագույն ինսուլիններ: Պետությունն էլ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և երիտասարդների կյանքը թեթևացնելու համար հավանության է արժանացրել հնգամյա տևողությամբ  «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի շրջանակներում առողջապահության նախարարությունը ձեռք է բերել ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության  շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, ավելի քան 18 տարի լայնորեն կիրառվում են աշխարհում:

«Ինսուլինային անալոգներ: Առավելություննն այս ինսուլինի այն է, որ  նրանք ներարկվում են  ոչ թե սովորական ներարկիչով, այլ ունեն գրիչի տեսք»,- ասում է էնդոկրինոլոգը։

Ամերիկյան  արտադրության գրիչ- ներարկիչները շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին կտրվեն անվճար, սակայն մեծահասակները կարող են  ձեռք բերել  դեղատներից մոտ 7000 դրամով:  Թե  քանի գրիչ- ներարկիչ կտրամադրվի մեկ շահառուին, ըստ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի,  կապված է ինսուլինի պահանջից: Սակայն նորագույն այս մեթոդը  կբարելավվի դիաբետիկների կյանքի որակը:

Հնգամյա ծրագրով հանրապետությունում կստեղծվի  նաև դիաբետի ուսուցման  4 կենտրոն: Դրանք կապահովվեն ժամանակակից սարքավորումներով, այդ թվում գլյուկոհեմոգլոբինի անալիզատորներով՝ իրենց թեստ ժապավեններով, դիաբետի  միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով:

Back to top button