ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները (լրացված)

լրացվել է ժամը 19։04- ին

gitaelibekyan

Հայաստանի անդամակացությունը ԵՏՄ և Վրաստանի կողմից ԵՄ  Ասոցացման համաձայնագրի ստորագրումը  դրական ազդեցություն են ունեցել  հարևան երկրների  տնտեսական հարաբերությունների վրա, Թբիլիսիիում  իր վրացի պաշտոնակցի՝ Գեորգի Մագրելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի պատվիրակությունն այսօր պաշտոնական  հանդիպումներ է ունենում Թբիլիսիիում, իսկ վաղը Վրաստանի նախագահի հետ ներկա կգտնվի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծմանը:

 

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել որակական նոր  փուլ:  Ըստ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ սրա մասին վկայում են  երկու երկրների միջև ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները:

Երկու հարևան երկրների ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չի  խոչընդոտում, այլև ավելացնում է համգործակցության հնարավորությունները, շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հիմա ուրախ եմ փաստել,  որ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 2014 թ. ավելացել է  և նույն տենդենցը պահպանվում է նաև 2015թ 9 ամիսների տվյալներով»,- ասաց նա։

Հայաստանն ու Վրաստանը, ըստ նախագահի,  բավարար ներուժ ունեն  խորացնելու տնտեսական համագործակցությունը: «Վրաստանի նախագահի հետ մենք քննարկեցինք նաև այն ռազմավարական բնույթի նախագծերը,  որոնց երկստեք ձեռնամուխ ենք եղել: Կցանկանայի կարևորել Բագրատաշեն- Սադախլո սահմանային «Բարեկամության» կամուրջի   շինարարությունը:  Վստահ եմ, որ համատեղ ջանքերով ավարտին ենք հասցնելու մյուս ծրագրերը եւս` հավելյալ խթաններ ստեղծելով   մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար»:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հերթին ավելացրեց, որ երկու երկրները մեծ ուշադրություն են դարձնում դարերից եկող բարեկամական հարաբերությունները  պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ: «Մեզ միացնում են  երկուստեք հետաքրքրությունները  և մեր համագործակցության մեծ հեռանկարը»:

Նախագահ Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանը  որպես տարանցիկ երկիր իրենից ներկայացնում է կամուրջ,  որը միացնում է Եվրոպան և Ասիան:  «Իսկ այդ դերը ավելի է մեծանում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները»:

Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները  անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:

«Կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է հայ-վրացական եղբայրության գերակայության գիտակցմամբ: Ավելին` մեր ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,-ասել է Հայաստանի նախագահը:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ այս այցի շրջանակներում վաղը` հոկտեմբերի 31-ին  մասնակցելու է   հին Թբիլիսիի պատմական վայրում (Մեյդան թաղամասում)  նոր շունչ ստացած սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծմանը.

«Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ ուշադրությամբ ենք  վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Թբիլիսիում Հայաստանի նախագահը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի ու խորհրդարանի խոսնակի հետ:  Իսկ այսօր  ավելի ուշ՝  Սուրբ Գևորգ եկեղեցու  վերաօծման արարողության շրջանկներում Կոտե Մարջանիշվիլու անվան թատրոնում ներկա է գտնվելու  Մարինե Ալեսի համերգին:

 

+++

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի,

Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաև Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար: Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները:

Վերադառնալով միջպետական օրակարգին, պետք է գոհունակությամբ փաստեմ, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ: Մեր երկրների միջև ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարևորում եմ նաև այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում:

Պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաև այն ռազմավարական բնույթի նախագծերը, որոնց երկուստեք ձեռնամուխ ենք եղել: Կցանկանայի կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն և մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար:

Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն Նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով:

Անշուշտ, պարոն Նախագահի հետ մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է հայ-վրացական եղբայրության գերակայության գիտակցմամբ, ինչպես նաև երկարաժամկետ մտածելու կարողությամբ: Ավելին, մեր ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Ամփոփելով խոսքս` թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս հյուրընկալ հողում իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

 

Back to top button