Դեկտեմբերի 6- ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնողները եւ նրանց ընտանիքի անդաները։ Նրանք քվեարկությանը մասնակցելու են էլեկտրոնային տարբերակով։
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել անհատական ծածկագրեր պարունակող թվով 265 ծրարներ։ Արտերկրում աշխատող հենց այդքան հայ դիվանագետներ եւ նրանց ընտանիքի անդամները քվեարկության իրավունք ունեն։
Հանձնաժողովը հաստատել է նաեւ հանրաքվեի քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը։
ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար, 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչև 4-ական րոպե վճարովի.
3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար, դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում Ազգային ժողովի խմբակցությանը դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցությանը կողմից օգտագործվել չի կարող:
Նիստում քննարկվել են նաև Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի քննությամբ` ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է դիմումը բավարարել, պայմանավորված տեղամասային հանձնաժողովներում ներկայացվածությունը հնարավորինս լիարժեք ապահովելու և, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ, իրավասու սուբյեկտների կողմից հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասությունն իրացնելու առավելագույն հնարավորություն ապահովելու նպատակներով: Արդյունքում, 2012 թվականին 3 տարի ժամկետով տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների ուժի մեջ գտնվելու ժամկետը երկարաձգել է, և դրանք համարվել են վավեր մինչև հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման ժամկետի ավարտը:
«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: