Հասարակություն

ՀԿ-ների մասին օրենսդրական փաթեթին կառավարությունը հավանություն տվեց

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր հաստատել է շուրջ վեց տարի  քննարկվող  «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ  ներկայացված փաթեթով ՀԿ-ների նկատմամբ նախատեսվում էր մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն էլ ՀԿ-ների մտահոգության ու դժգոհության պատճառ էր դարձել։ Նախարարը վստահեցրել, որ  ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և դրանում հաշվի են առնված նրանց բոլոր առաջարկությունները:

«Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր՝ ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ  տեղեկացրել է, որ նախագիծը տարանջատում է դնում հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող և այլ աղբյուրներից սնվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀԿ-ների արագ գրանցման հնարավորությունը, որը, նրա խոսքով, «կարևոր նշանակություն կունենա՝ հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար»։

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է առաջարկված  նորամուծություններին. «Մասնավորապես՝ կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության և ֆինանսական կայունության համար»:

Back to top button