Հասարակություն

Հայաստանը՝ ազատ համացանց ունեցող երկիր

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցում ազատության զեկույցը՝ Freedom on the Net 2015-ը: Ամենամյա զեկույցում  Հայաստանը ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր: «Առցանց ազատության» զեկույցում երկրները դասակարգված են որպես ազատ, մասամբ ազատ և անազատ:

Վրաստանը եւս ազատ համացանց ունեցող երկրների շարքում է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ մասամբ ազատների թվում են:

Ինտերնետային ազատության առումով առաջատարներն են Իսլանդիան, Էստոնիան, Կանադան, իսկ անազատները՝ Չինաստանը, Իրանը, Սիրիան: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դասվել են անազատ երկրների շարքում:

Հայաստանում առցանց ազատության մակարդակը գնահատվել է 28 միավոր (0-100 սանդղակով, որտեղ 0-ն ամենաազատն է, իսկ 100-ը՝ անազատը): Զեկույցը կազմելիս Freedom House-ը գնահատում է մի շարք գործոններ՝ հասանելիության խոչընդոտներ, բովանդակության սահմանափակումներ, օգտատերերի իրավունքների խախտումներ:

Freedom on the Net 2015 զեկույցի Հայաստանի մասում նշված է, որ մեր երկիրը չունի արգելափակված սոցիալական ցանցեր, քաղաքական բովանդակությամբ կայքեր կամ բլոգներ: Նշված է, որ 2015 թվականի մայիսին ոստիկանությունը, հղում անելով հեղինակային իրավունքներին, YouTube-ից հեռացրել է հումորային հաղորդման սերիան, որտեղ ծաղրվում է ոստիկանության արձագանքը ցույցերին:

Freedom House-ը նշել է, որ քաղաքացիական խմբերն ու հասարակական կազմակերպություններն առցանց գործիքների միջոցով ակցիաներ են կազմակերպել, մասնավորապես, էլետկրաէներգիայի սակագնի դեմ պայքարը:

Back to top button