Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչության են ենթարկվել Կարսում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը և Իգդիրում տեղակայված 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը։
ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների և ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Տեսչության ընթացքում ԹՀ կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել: