Մշակույթ

Կաթնաղբյուրում բացվեց Մուշեղ Գալշոյանի տուն- թանգարանը

aidaavetisyan

Հայաստանի Թալինի շրջանի  Կաթնաղբյուր գյուղում վերջապես ավարտուն տեսքի բերվեց ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացվեց տաղանդաշատ արձակագիր ու լրագրող  Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը: Եկել էին Գալշոյանի մերձավորներն ու մտերիմները, ընկերներն ու գրչակիցները, նրա գրական արվեստի ջատագովներն ու երկրպագուները:

 

35  տարի առաջ՝ հոկտեմբերի 12-ին, հայրենի Կաթնաղբյուր գյուղում սեփական որսորդական հրացանի պատահական կրակոցից կյանքից հեռացավ տաղանդավոր արձակագիր ու անաչառ լրագրող, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար հետմահու Հայաստանի պետական մրցանակին արժանացած 47-ամյա Մուշեղ Գալշոյանը: Մահվան պատճառ դարձած այսօրինակ վարկածը մինչև օրս էլ պահպանում է իր հավաստիությունը, ինչի ապացուցը նաեւ Մուշեղ Գալշոյանը եղբայրն է՝ Մարզպետ Գալշոյանը։

Գալշոյանը չնայած գյուղատնտես-այգեգործի բարձրագույն կրթություն էր ստացել և բազում այգիներ հիմնել, սակայն նա հանրությանը հայտնի դարձավ 15 տարվա իր գրական գործունեությամբ: Իսկ « Ձորի Միրոն», «Բովտուն» և « Հնավանդ թմբուկը» արձակ երկերի հիման վրա նկարահանվեցին կինոնկարներ: Հեղինակը նպատակ է հետապնդել հոգևոր կամուրջ ստեղծել Մեծ եղեռնն ապրած հայության և ժամանակակից սերնդի միջև՝ անցյալի ավանդված բարոյական  արժեքները փոխանցել այսօրվա մարդուն:

Կնոջ՝ Ագնեսա Ղափլանյանի խոսքով՝ Մուշեղ Գալշոյանի  խոսքը մեր ժողովրդին՝  անցյալի պատմության դժգույն էջերը  չմոռանալն է:

Գալշոյանի նախնիներն ապրել են  ու արարել Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում, որտեղ և ծնունդ է առել «Սասնա ծռեր» հայկական  հերոսական էպոսը: Սասունից էլ թուրքերի դեմ քաջաբար կռված և անօրինակ անհավասար պայքարից մազապուրծ փախած ու Արագածի փեշերին ապաստանած սասունցիներն էլ հիմնականում  դառնում են  Գալշոյանի գրչի հերոսները:

Գալշոյանը  հրաշալի էր տիրապետում Սասնա բարբառին, գիտեր սասունցիների բնավորությունն ու հոգեբանությունը: Ինքն էլ Սասնա ավանդույթներով ու հերոսական ներքինով թրծված հերոս էր:

Գալշոյանի հիշատակը հավերժացնելու համար էլ  իր սիրած լանջի մոտ  մեծ հանդիսավորությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բացվեց նրա տուն-թանգարանը, որը կառուցելու  նախաձեռնությունը  եղել է  լուսահոգի Անդրանիկ Մարգարյանինը, ում նախնիները  Կաթնաղբյուրի հարևանությամբ գտնվող  Իրինդ գյուղից են:

«Ամեն անգամ իր հորեղբայրներին այցելելիս վարչապետը  իջնում, նայում իր խորհուրդներն էր տալիս, շատ հետևողական պետք է հարցներ ի՞նչ ենք արել,  ու՞ր ենք հասել: Իր միջամտություններն էր տալիս: Եվ առաջարկեց, որ ամեն ինչ լինի այնպես ոգեղեն, ինչպես որ Գալշոյանն էր իր գրականությամբ: Ճարտարապետներն այդպիսի լուծումներ էլ տվեցին»,- ասում է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Հոգեղեն այս տունը  այսուհետ ուխտատեղի պիտի դառնա հայարմատ հողի և աշխարհասփյուռ հայերիս համար, վստահ էին այսօրվա հանդիսության մասնակիցները։

Back to top button