Քաղաքական

«Այո»-ի միասնական շտաբ ստեղծելու առաջարկ չկա.Գագիկ Մելիքյան

lenabadeyan
«Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման պարագայում ապահոված կլինենք կայուն զարգացում»,- այսօր լրագրողներին ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Այն քննարկումները, որոնք իրականացվեցին Նախագծի շուրջ, ցույց տվեցին, որ քաղաքական կոնսոլիդացիա կա: Այն առաջարկություններն ու փոփոխությունները, որոնք ընդունելի էին, բոլորն էլ ընդունվեցին Հանձնաժողովի կողմից, իսկ դրանց քանակը մեծ էր»,- ասել է պատգամավորը:  Նա տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության անդամներն արդեն իսկ տեղերում քարոզչություն իրականացնում են եւ եզրակացրել են, որ «այո»-ի կողմնակիցները շատ են ու մինչեւ հանրաքվե «մեծ ուժ կկազմեն»:

 

Որեւէ օրենք չի խախտվի, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանց արձակուրդ գնալու համատեղության կարգով սկսի ղեկավարել նաեւ հանրապետական կուսակցության «Այո»-ի նախընտրական շտաբը: Կուսակցության Գերագույն Մարմնի երեկվա նիստից հետո հանրապետականներն այժմ էլ ստիպված են պարզաբանումներ անել, թե ինչպես է օրինակ Հովիկ Աբրահամյանը հասցնելու ղեկավարել եւ Կառավարությունը, եւ նախընտրական շտաբը, որ աշխատանքն է այդ համատեղումից տուժելու կամ հնարավո՞ր է այսօրվանից օգտագործվեն վարչական լծակները: Պարզաբանումների հերթն այսօր հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանինն էր:

«Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու մեծ փորձ ունի եւ կարծում եմ, որ աշխատանքային ժամից դուրս նույնպես կարելի է ղեկավարել քարոզչության շտաբը՝ չխանգարելով հիմնական գործունեությանը: Այնպես որ որեւէ հակաօրինական քայլ, ինչպես նաեւ աշխատանքներին խաչընդոտելու քայլ մենք այս գործընթացում չենք տեսնում, հակառակ պարագայում ուղղակի դա չէր կատարվի»:

Քանի որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Հանրապետության նախագահը, հետաքրքիր է իմանալ նաեւ նրա մասնակցության ձեւը քարոզարշավին: Այս առումով հանրապետական խմբակցության ներկայացուցիչը քչախոս էր՝ մի քանի անգամ կրկնեց նույն միտքը:

«Նախագահը իր լիազորությունների շրջանակներում իրականացնելու է իր գործունեությունը»:

Այս հարցը պարզաբանելու փոխարեն Գագիկ Մելիքյանը գերադասեց խոսել «Այո»-ի շտաբի աշխատանքների մասին: Նշեց, որ առաջիկայում շտաբը ակտիվ գործունեություն է ծավալելու, բայց առայժմ միայնակ: «Այո»-ի միասնական շտաբ ստեղծելու որեւէ նախաձեռնություն կողմնակիցների որեւէ կողմից առայժմ չկա:

«Մենք  քարոզչություն իրականացնելու ենք եւ առանձին, եւ համատեղ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր «Այո»-ի դաշտում են: Միասնական շտաբ վարելու հարց դեռեւս չի քննարկվել, դա կքննարկվի, եթե նմանատիպ առաջարկություններ այլ քաղաքական ուժերի կողմից ստանանք: Այս պահին որեւէ քաղաքական ուժի կողմից նման նախաձեռնություն չի եղել: Դա ընթացքում կերեւա: Մի գաղափարի շուրջ ենք պայքարում, միասին ենք պայքարում, համատեղ ենք պայքարում, յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր քարոզչությունը իր ձեւով: Եթե անհրաժեշտություն կգտնենք եւ նման առաջարկի անհրաժեշտություն կտեսնենք, կարծում եմ, որ դա քննարկման ենթակա հարց է եւ առաջիկայում նման հարցերը անպայման կքննարկվեն եւ իրենց համարժեք պատասխանը կստանան»:

Այս առումով հիշեցնեմ, որ «այո»-ի կողմնակից դաշնակցականներն արդեն վաղուց հայտարարել էին առանձին աշխատելու եւ քարոզելու մտադրության մասին: Ահա թե ինչպես է այդ դիրքորոշումը հիմնավորել Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք չենք ծրագրում որեւէ այլ ուժի միանալ, որեւէ միասնական շտաբ անել, որովհետեւ մենք խոսրապես համոզված ենք, որ Դաշնակցության տեսակետները այս հարցում զուտ դաշնակցական տեսակետներ են, համոզումներ են, ապացույցներ են, փաստեր են: Մենք «պրո-որեւէ» կուսակցություն չենք եղել եւ չենք լինելու՝ դա մոռացեք: Մենք մեր ճշմարտությունն ենք հետեւողական առաջ տանելու, ինչպես արել ենք մինչեւ հիմա»:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ամեն դեպքում համոզված է, որ քարոզարշավը կընթանա առանց լուրջ խախտումների, քանի որ Հանրապետական կուսակցության անդամներն արդեն իսկ տեղերում քարոզչություն իրականացնում են եւ եզրակացրել են, որ «Այո»-ի կողմնակիցները շատ են ու մինչեւ հանրաքվե «մեծ ուժ կկազմեն»: Իսկ «Ոչ»-ի ճակատի մասին Գագիկ Մելիքյանը կարծիք ունի, որ այդ դաշտում Սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկում չեն ծավալում: Պատգամավորը համոզված է՝ եթե նրանք ծանոթանան նախագծի բովանդակությանը, ապա նրանց համար դժվար կլինի ասել ոչ:

Back to top button