ԿարևորՔաղաքական

Սահմանադրական փոփոխությունների «Այո»- ի եւ «Ոչ»- ի կողմնակիցները պատրաստվում են դեկտեմբերի 6- ին

lusinevasilyan

«Հայկական վերածնունդ» հասարակական- քաղաքական միավորումը  սահմանադրական փոփոխությունների գործընթացին կմասնակցի որպես առանձին բևեռ, այսօր հայտարարել են  այս  կառույցի  անդամները,  նաև նշել, որ սա չի բացառում համագործակցությունն այլ քաղաքական միավորների հետ:  Կան ուժեր էլ որոնք, որևէ միավորման մեջ չեն մտնի ու միայնակ կպաշտպանեն իրենց «Ոչ»-ը։ Այս ուժերի թվում, օրինակ «Հայազն» կուսակցությունն է, որի ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են, թե ինչու չեն միանում որևէ միավորման:

Քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի ՝ սահմանադրական փոփոխությունների մասին այսօր խոսել են նաև «Այո»-ի կողմնակիցները:

 

«Չեք անցկացնի», « Նոր Հայաստան», « Հայկական վերածնունդ»՝ քաղաքական –հասարակական այս միավորները չեն պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը,  «Ոչ»-ի ճակատում են, բայց առայժմ նախընտրում են իրենց պայքարն առանձին ուղղություններով տանել:

«Հայկական վերածնունդը»,  մասնավորապես, հայտարարում է, որ սահմանադրական գործընթացին կմասնակցի որպես առանձին բևեռ՝ իր շտաբով, որը կհամակարգի միավորման մաս կազմող կազմակերպությունների աշխատանքը: Այս միավորման ստեղծման նախաձեռնությունը, հիշեցնենք, «Օրինաց երկիր» կուսակցությանն է, որը որոշեց ոչ թե միանալ մինչ այդ ձևավորված «ոչ»- ի շարժումներին, այլ ստեղծել  «Ոչ»- ի սեփական ճակատը:

Հարցին , թե ինչու չմիավորվեցին,  կառույցի  անդամներից Վահե Մուսինյանը նախընտրում է այսպես պատասխանել. «Մեր դռները բաց են նրանց առջև, ովքեր ընդունում են մեր մոտեցումները»:

Կառույցի ներկայացուցիչներից Կարեն Թումանյանն էլ այս պատասխանն է նախընտրում, «Իսկ 140 կազմակերպությունների կարծիքն արդեն միասնական կարծիք չէ°»:

Այսինքն, «Հայկական վերածնունդ» միավորման մեջ 140 քաղաքական ու հասարակական կազմակերպություն կա: Խնդրեցինք նշել դրանցից մի քանիսի անունները, գոնե նրանց, որոնք  հանրությանն առավել ծանոթ են: «Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, օրինակ, Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ կամ Ռուբեն Ավագյանի «Միավորված հայեր» կուսակցությունը: Մեզ միացել են ազատամարտիկներ, Վաչագան Չիբուխչյանն իր կուսակցությամբ, Սարգիս Կարապետյանն իր կուսակցությամբ»,- նշում է Կարեն Թումանյանը։

«Հայազն » կուսակցությունը ՕԵԿ-ի ձևավորած միավորմանը մաս չի կազմել, ու սա ,պարզվեց, սկզբունքային դիրքորոշում է:  Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի պարզաբանմամբ՝ ՕԵԿ-ից սկզբունքորեն որևէ առաջարկ չեն ընդունում, քանի որ ՕԵԿ- ն իրենց համար ժամանակավրեպ կառույց է, կուսակցություն չէ։

ՕԵԿ-ին համակրող գործիչները էթիկայի կաններից դուրս են գնահատում նման հայտարարությունը։ «Մի կուսակցության, որը 18 տարի պառլամենտական կուսակցություն է եղել, որի պատգամավորները բոլոր չափանիշներով ամենաակտիվն են ԱԺ-ում, ասել  որ կուսակցություն չէ՝ նոնսենս է: Կարող եմ ասել, որ «Հայազնը» նոր է, մի քիչ քաղաքական փորձ չունի»,- ասում է Կարեն Թումանյանը։

Ի տարբերություն ոչ խորհրդարանական ուժերի ՝ խորհրդարանականները քարոզչության օրենսդրական իրավունք ունեն: Թե ինչ մարտավարությամբ է կառուցվելու «Այո» -ի քարոզարշավը,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասում է պարզ կդառնա օրերի ընթացքում: Պատգամավորը կարծում է, որ հանրությանը պետք է լավ բացատրվի, թե ինչու է առաջարկվող մոդելն ավելի լավը, քան՝ գործողը:

Ֆորմալ առումով՝ « Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Թևան Պողոսյանը, ով նույնպես կողմ է քվերակել փոփոխություններին, նշում է, որ թղթի վրա նախագիծն ավելի ժողովրդավար մոդել է առաջարկում, քան՝ ապահովում է գործողը։ Թևան Պողոսյանը, ի դեպ, «Այո»- ի քարոզարշավին պաշտոնապես միանալու  մտադրություն չունի, բայց իր դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ պատրաստ է ներկայացնել: Ավելին՝ նա նախագծին թեև կողմ է քվեարկել, բայց դեռ չգիտի, թե ինչպես է քվեարկելու դեկտեմբերի 6-ին:

Back to top button