Տավուշի մարզի զբաղվածության խնդիրը լուծելու ծրագիր կիրականացվի
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը հանրապետությունում կազմում է 86.9 հազար: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը:
Ի դեպ, Տավուշի մարզում զբաղվածության խնդիրը լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փորձնական ծրագիր իրականացնել: Ծրագրի շրջանակներում կլուծվի ոչ միայն գործազրկության հարցը, այլև՝ հասարակական աշխատանքների շնորհիվ կբարեկարգվեն համայնքային ճանապարհները, գյուղերի լուսավորությունը և այլն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշի մարզում մշակել է փորձարկվող ծրագիր, որը վարձատրվող հասարակական աշխատանքներ է ենթադրում և ծրագրի փորձարկումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերի, դեկտեմբեր ամիսներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ասում է, որ «եթե ծրագրով նախատեսված դրական արդյունքներն ունենան, ապա 2016 թվականից հնարավոր կլինի իրականացնել որպես հիմնական ծրագիր հանրապետության մյուս մարզերում»:
Տավուշի մարզը պատահական չի ընտրվել, քանի որ գործազրկության մակարադակը այս մարզում միջինից բարձր է: Վարձատրվող հասարակական աշխատանքները կմեղմեն գյուղացիների հոգսերը, ասում է Թադեոս Ավետիսյանը:
Ծրագիրը կյանքի կոչելու համար կառավարության պահուստային ֆոնդից 60 մլն դրամ է տրամադրվել: Ծրագրի շրջանակներում աշխատանքի կանցնեն գործազուրկները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ են: Ծրագիրը կյանքի կկոչվի երեք համայնքներում, և յուրաքանչյուր համայնքին կտրամադրվի 2 մլն դրամ, որից 1, 400 000-ը կտրամադրվի աշխատավարձերին, իսկ 600 000-ը` գործիքներին և այլ հարցերի լուծման համար: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր գործազուրկը մեկ լրիվ աշխատանքային օրվա համար կստանա 7000 դրամ աշխատավարձ: Ծրագրի համար հատկացվել է 60 մլն դրամ: Իսկ աշխատանքները ընթանալու են կոնկրետ ոլորտներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ասում է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա աշխատելու 300 գործազուրկի: