ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսության ՀՆԱ աճը՝ 13,5%. բացվեց «ԱրմՊրոդԷքսպոն»

lianaeghiazaryan

Խաղողի բերքը դաշտում չի մնա, իսկ գյուղացիներին էժան վարկերի տրամադրումը կշարունակվի: Այսօր այս խոստումներն են տվել հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո կարապետյանը «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացման ժամանակ: Իսկ արդեն լրագրողների հետ կարճատեւ զրույցում վարչապետը խոսել է իր փոխարեն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ու իր հրաժարականի հնարավորության մասին:

 

Ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից մասնակցում է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Սա համընկնում է Գյուղատնտեսության աշխատողի օրվան, որը 2011 թ. սկսած կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է ամեն տարի հոկտեմբերի երրորդ կիրակին:

«ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերը, Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ընկերությունները` իրենց գյուղատնտեսական արտադրանքով: Գյուղատնտեսութունը շարունակում է գերակա մնալ, իսկ այս տարվա առաջին ութ ամսվա արդյունքներով ոլորտը տնտեսության մեջ արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը, արձանագրում է «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը  մասնակցող հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ոլորտում խնդիրներն էլ քիչ չեն, դրանց մասին խոսելու առիթ գյուղացիներն ամեն օր են ունենում: Այսօր վարչապետը նոր ասելիք ունի` ՀՀ կառավարությունը 7 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը շարունակելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:

Գյուղացիներին լրջորեն հուզող մեկ այլ խնդրի անդրադառնում է գյուղատնտեսության նախարարը: Խաղողի մթերման գործընթացը որոշակի բարդություններով հանդերձ շարունակվում է և երաշխիքներ կան առաջարկվող խաղողի բերքն ամբողջությամբ մթերելու համար, հայտարարում է Սերգո Կարապետյանը: Բերքն առատ էր, ու խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50 հազար տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը:

Վերամշակող ընկերությունների հետ բանակցություններին գյուղնախարարից բացի անհրաժեշտ է եղել նաեւ հանրապետության նախագահի ու վարչապետի միջամտությունը: Այսօրվա դրությամբ մթերվել է 202 հազար տոննա խաղող` նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշից 20 հազար տոննայով ավելի: Իսկ ոլորտի ընդհանուր ցուցանիշերն ավելի խոսուն են` գյուղա­տնտեսության համա­խառն արտադրանքը կազմել է շուրջ 505 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը  13.5 %-ով:

Այսօր Հայաստանում նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, բայց արդյո՞ք այն տոնական է գյուղացիների համար: Այս հարցին արդեն լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով` Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հավաստիացրեց` առատ բերքը չի մնալու դաշտում: «Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով ոչ մի հարց չի լուծվում՝ և տնտեսական, և քաղաքական առումներով»,-շարունակեց Աբրահամյանը:

Վարչապետը չշտապեց պատասխանել նաեւ բյուջեի կատարողականի չապահովման մտավախությունների մասին հարցին: Աբրահամյանը հորդորեց սպասել մինչեւ տարեվերջ: Սպասել է պետք նաեւ տեսնելու, թե ինչ հետագա ճակատագիր կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը՝ կուսակցություն ստեղծելու  և 2017-ի  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

«Եթե ժողովուրդը կորոշի, որ նա լինի խորհրդարանում, թող լինի»,- ասաց Աբրահամյանը: Ինքն անձամբ որևէ անձի կամ քաղաքական գործչի հետ խնդիր չունի, վստահեցրեց: Իսկ իր փոխարեն Արա Աբրահամյանին վարչապետի պաշտոնում տեսնելու մասին հարցին էլ կարճ պատասխանեց` հրաժարական չեմ տալու:

Back to top button