Տնտեսական անորոշությունները պահպանվում են. ԱՊՀ ԱՊ ղեկավարների երեւանյան նիստը
Երեւանում այսօր անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Քննարկման հիմնական թեման վերաբերում է հարցին, թե ինչպես կարելի է ուժեղացնել ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցությունը համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում: Հանդիպման մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մանրամասնել է 2 ծրագիր, որոնք առաջիկայում կմեկնարկեն` նպաստելով փոխգործակցության զարգացմանն ու դյուրացմանը:
Հայաստանն այս տարի նախագահում է է ԱՊՀ անդամ երկրների Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը, ու այս առաքելության շրջանակում Երեւանը հյուրընկալել է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների շուրջ 1 տասնյակ ղեկավարներին:
Համաշխարհային տնտեսության անկայունությունը պահպանվում է, արձանագրում են գործարար դաշտի խնդիրներին ծանոթ հյուրերը: Տնտեսական խնդիրների մասին իր ելույթում բարձրաձայնում է նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումների վրա ընդգծված ազդեցություն ունեցող Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի տնօրենը:
Սերգեյ Կատիրինը խնդիրներն արձանագրում է, սակայն՝ վստահ լավատեսությամբ: «Հակառակ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առկա դժվարություններին՝ մեզ միշտ կապում է ընդհանուր գործը`աշխատանքը` ամրապնդելու ու կատարելագործելու մեր երկրների Առեւտրաարդյունաբերական պալատների գործակցությունը»,- ասում է։
ԱՊՀ անդամ երկրների Առևտրաարդյունաբերական պալատներն այսօր կնքված համաձայնագրերով սկիզբ են դնում որոշ նոր ծրագրերի, որոնցից արկուսն առանձնացնում ու մանրամասնում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նախ` հեշտացվում է այն օտարերկրյա քաղաքացիների լեզվի իմացության թեստավորումը, որոնք ցանկանում են աշխատանք գտնել Ռուսաստանում: Նախաձեռնությունը Ռուսաստանինն է, նպատակը` հեշտացնել ռուսերենի գիտելիքների ստուգումը տվյալ քաղաքացու երկրում, որ աշխատանք փնտրողները չհասնեն Ռուսաստան ու մերժվեն արդեն այնտեղ։
Ինտելեկտուալ սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանություն, Միջազգային առևտրային արբիտրաժի և ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության մեխանիզմի ներդրում: Այս թեմաները եւս քննարկումների օրակարգում են: Հաստատվում է նաեւ եկող տարվա ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների ցանկը:
Առաջիկա ծրագրերից է նաեւ ընդհանուր էլեկտրոնային առեւտրի համակարգի ստեղծումն ԱՊՀ երկրների տարածքում: Դա եւս փորձելու են իրականացնել առեւտրաարդյունաբերական պալատների միջոցով, մանրամասնում է Մարտին Սարգսյանը:
ԱՊՀ երկրների Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Երևանյան այս հանդիպմանը որոշվեց՝ հաջորդ նախագահողը Ղազախստանն է, որտեղ էլ կկայանա 2016 թվականի խորհրդի հերթական նիստը։
Տնտեսական անորոշությունները պահպանվում են, թվերը խոստումնալից չեն, նկատում է Մարտին Սարգսյանը, բայց հյուրերն իրարից բաժանվում են են հստակ սպասելիքներով, որ ծրագրվածը պատշաճ կերպով կյանքի կկոչվի` չնայած տնտեսական խնդիրներին: