Երեւանում աճել են եւ ՃՏՊ- ն եւ զոհերը, վիրավորների թիվը նվազել է
2015 թվականի առաջին 9 ամիսներին Երևան քաղաքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ այդ պատահարների հետևանքով զոհերի թիվը: Միայն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացողների թիվն է այս տարի, ըստ վիճակագրության, նվազել:
Անցած ինն ամիսներին արձանագրվել է 1027 ՃՏՊ, որի արդյունքում կա 60 զոհ և 1252 մարմնական վնասվածք ստացած։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 990 ՃՏՊ՝ 51 զոհով և 1324 վիրավորով:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը «Ռադիոլորին» ներկայացնելով 9 ամիսների տվյալները, նաև անդրադարձել է «Զգուշացեք երեխաներ են» նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակին: Նա հայտնել է, որ միամսյակի շրջանակներում կատարված միջոցառումների արդյունքում որևէ պատահար չի արձանագրվել: