Հասարակություն

Հայ-գերմանական գիտության օր՝ ԵՊՀ-ում

sonahakobyan
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր և վաղը անցկացվելու է  «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառումը: Գիտական այս միջոցառումը կնպաստի երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը: Ողջունելով միջոցառման անցկացումը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցությունը երկարամյա պատմություն ունի և հավելել, որ այս տարիներին գերմանական ակադեմիական ծրագրի շնորհիվ բարջրակարգ կրթություն է ստացել 2200 հայ ուսանող: Հայ-գերմանական կապերը զարգացել են նաև հանրակրթության ոլորտում:

 

Գիտության և կրթության ոլորտներում հայ-գերմանական համագործակցային կապերը ձևավորվել են դեռևս խորհրդային ժամանակներից, իսկ վերջին տարիներին էլ ավելի ամրապնդվել: Միայն 2011 թվականի օգոստոսին  ՀՀ ԿԳՆ և Գերմանիայի Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև կնքվել է  «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման մասին»  հուշագիր, որի շրջանակներում 2012 թվականին անցկացվել է գիտական և գիտատեխնիկական նախագծերի աջակցության մրցույթ: Արդյունքում իրականացվել է 10 համատեղ գիտական ծրագիր:

«Քենդլ» նախագծի շրջանակներում փորձագետների փոխանակումն ու համատեղ հետազոտությունների իրականացումը ևս հայ-գերմանական համագործակցության արդյունքն է: Բացի այդ, դեռևս 1996 թվականից Երևանում գործում է Գերմանական ակադեմիական փախանակման ծառայության ներկայացուցչությունը, որը մինչ օրս աջակցել է շուրջ 2200 ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների: Ամփոփելով այս տարիների համագործակցության արդյուքները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ հայ գիտնականների բավականին լավ պոտենցյալին ծանոթ են նաև Գերմանիայում:

Այսպիսով՝ պատահական չէր, որ Նախարար Աշոտյանն իր ելույթում առաջարկեց օգտագործել եվրոպական միության գործիքները:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը հավատում է, որ Հայաստանում կշարունակվեն գիտական դպրոցների ավանդույթները: Էական չէ, թե որ երկրում է աշխատում հայ գիտնականը, կարևորը, որ նրանք չխզեն կապը Հայաստանի հետ: Նախարարը շատ է կարևորում նաև մեր բուհերում հետազոտական կենտրոնների վերականգնումը: Նշենք, որ  գիտության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը ընդգրկում է թե բնական, թե հումանիտար գիտությունների ոլորտները:

Back to top button