Միջազգային

Սիրիայում ՌԴ գործողությունների համաշխարհային արձագանքները

marlenahovsepyan

Այսօր միջազգային կոալիցիան Միացյալ Նահանգների գլխավորությամբ Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ավիահարվածները Սիրիայի ընդդիմադիր անջատողականների դիրքերին և խաղաղ բնակչությանը: Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Պարսից ծողի երկների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի գործողությունները էլ ավելի կբորբոքել Սիրիայում հակամարտությունը։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաշվետվություն է ներկայացրել վերջին  մեկ օրվա ընթացքում ռուսական օդա-տիեզերական ուժերի ինքնաթիռների Սիրիայի տարածքում իրականաված գործողությունների վերաբերյալ: ՊՆ պաշտոնական ներկայացուցիր Իգոր Կոնաշենկոն տեղեկացրել է, որ իրականացվել է 18 թռիչք, ավիահարվածներ են հասցվել ԻՊ 12 օբյեկտների, Հալեպի մոտակայքում ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող հրամանատարային կետ և կապի հանգույց։ Բացի այդ՝ Су-25 ինքնաթիռները Իդլիբ գավառում հարվածներ են հասցրել դաշտային ճամբարին:

Մինչ այդ՝ Արևմուտքը շարունակում է անհանգստություն արտահայտել՝ պնդելով, որ ռուսական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում այն շրջաններին, որտեղ ահաբեկիչների առկայության մասին մինչ այդ ոչինչ հայտնի չի եղել, փոխարենը՝ այնտեղ ակտիվ են Արևմուտքի աջակցությունը վայելող նախագահ Ասադի հակառակորդները:

Թեև նախօրեին Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը հաստատել էր Մոսկվայի պնդումները, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչների դիրքերին և ռուսական կողմն ունի ահաբեկիչների ստույգ կոորդինատներ, Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում բոլորին, բացի «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Միացյալ Նահանգների նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էրնստը ասել է, որ նման մոտեցումը կարող է վտանգավոր լինել հենց Ռուսաստանի համար:Նրա խոսքով՝ նախօրեին կայացել է տեսախորհրդակցություն Պենտագոնի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև, քննարկվել է ամերիկացի օդաչուների անվտանգության հարցը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել էր պնդումները, որ ռուսական ինքնաթիռները Սիրիայում խոցում են նաև այլ թիրախներ, նաև, ընդգծելով, որ ռուսական հարվածներից խաղաղ բնակչության զոհվելու մասին լուրերը հայտնվել են ավելի վաղ, քան սկսվել են ավիրահարվածները, նշելով, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական գրոհ է իրականացվում:

Մինչ այդ՝ BBC-ի տրամադրության տակ են հայտնվել Դամասկոսից Հալեպ ռազմավարական նշանակության ճանապարհին գտնվող Թալբիսեհ քաղաքից կադրեր։  Բնակիչների պնդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան ռուսական ինքնաթիռների ավիահարվածի հետևանով զոհվել է 20 խաղաղ բնակիչ: Թալբիսեհը վերահսկում են Ասադին ընդդիմաիր խմբավորումներ:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ Նյու Յորքից վերադառնալու ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածներին: Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, թե թուրքական նեղուցներով անցնող ռուսական նավերը ուր էին գնում` հավելելով, որ Ասադի ռեժիմին օգնություն են տրամասրում երկու երկրներ՝ զենքը Ռուսաստանը, մարդկային ռեսուրսը` Իրանը:

«Ռուսաստանի առաջին օրվա գործողությունների հանրագումարը շատ մտահոգիչ է: Դա ամբողջությամ գործողություն էր «Սիրիայի ազատ բանակի» դեմ եւ բացահայտ աջակցություն է դեպի կործանում գնացող սիրիական ռեժիմին: Դա ճիշտ դիրքորոշում չէ: Չափավոր ընդդիմությանը ոչնչացնելը, իմ կարծիքով, որևէ օգուտ չեն բերելու»,-  ասել է Դավութօղլուն:

Լրագրողները հետաքրքրվել են Դավութօղլուից, թե արդյոք այս պարագայում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առճակատման ռիսկեր չեն առաջանում: Վարչապետն ասել է, որ Ռուսաստանի հետ մշտական կապի մեջ են և չի կարծում, թե Ռուսաստանը Թուրքիային անհանգստացնող գործողությունների կդիմի: Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանի նպատակը Ասադի համար գործողությունների դաշտ բացելն է: Դավութօղլուն ավելացրել է նաև, որ Ռուսաստանը նախօրոք տեղեկացրել է Թուրքիային Սիրիայում կատարելիք հարվածների մասին:

Back to top button