ԱՄՀ-ի դիլեմա, Աճում են եւ տնտեսական աճը, եւ ռիսկերն ու անորոշությունները
Արժույթի միջազգային հիմնադրամը վստահում է ՀՀ ԱՎԾ ցուցանիշերին ու դրանք հիմք ընդունելով` մեր երկրի համար տնտեսական աճի կանխատեսումը բարձրացնում է, բայց միաժամանակ չի հերքում` ռիսկերը, անորոշությունները շատ են, մասնավոր ընկերություններն էլ իրենց պարտքh անհասկանալիորեն գցում են պետության վրա, իսկ պետությունն էլ այլեւս առանձնապես կապիտալ չունի` գույքով պարտքի դիմաց վճարելու համար: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նաեւ նկատել է` այն տնտեսական աճը, որը ներկայացնում է կառավարությունը, իրականում մեծապես պայմանավորված է ոչ թե պետական ծրագրերով, այլ՝ լավ եղանակի բերումով՝ գյուղատնտեսության աճով:
Բայց ուշագրավ է, որ եկող տարվա համար բանկը նույնքան լավատես չէ: Կանխատեսման մեջ ավելի զուսպ է` 2.2 տոկոս: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը բացատրում է` այս տարվա աճը միանվագ գործոններով էր պայմանավորված` խոշոր պղնձահանքի բացում, գյուղատնտեսական բարենպաստ պայմաններ, որոնք եկող տարի կարող են եւ չկրկնվել: Ընդ որում` ուշագրավ է, որ տնտեսական աճը մեծապես ապահովել է գյուղատնտեսության ոլորտն իր բուսաբուծության ճյուղով, որը միայն եղանակի, ոչ թե պետական քաղաքականության արդյունքն է: Հորթոնը նկատում է սա ու շեշտում` եթե եկող տարի բնակլիմայական պայմանները լավ չլինեն, տնտեսական աճն էլ ավելի ցածր կլինի:
Ընդամենը օրեր առաջ Հայաստանի գործընկեր մեկ այլ միջազգային կազմակերպություն` Ասիական զարգացման բանկն էլ իր գնահատումներ էր ներկայացրել, սակայն, ի հեճուկս Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը նվազեցրել էր 1.6-ից 1.2 տոկոսի: Ինչո։վ է բացատրվում Արժույթի միջազգային հիմնադրամի այս լավատեսությունը, այն էլ այն դեպքում, երբ հենց այդ հիմնադրամն էլ արձանագրում է տնտեսական աճի դանդաղում, տնտեսության վարկավորման ու պետական եկամուտների կրճատում, ներքին եւ արտաքին առեւտրի ծավալների նվազում:
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են հիմքում»,- ասում է Մարկ Հորթոնը ու զարմանում` տարեսկզբին հայտարարված ավելի քան 4 տոկոսանոց աճի դեպքում ինչո՞ւ է Ասիական բանկն այլ գնահատականներ տալիս: Բայց որ տնտեսության մեջ անորոշություններն ու ռիսկերը շատ են, ԱՄՀ-ն չի հերքում:
Վերջին մի քանի տարիներին բարձրացել է պետական պարտքը, ինչը անհրաժեշտ է պակասեցնել: Իսկ էներգետիկայի ոլորտում ագրեսիվ բարեփոխումներ են պահանջվում: ՀԷՑ-ում ընթացող աուդիտի արդյունքները պետք է ծառայեն համակարգի հետագա զարգացումներին` սկսած սակագնի հիմնավորումից, վերջացրած նրանով, որ մասնավոր ընկերությունների պարտքերը 2-3 տարին մեկ չփոխանցվեն պետությանը, այդպիսով նաեւ՝ հարկեր վճարող քաղաքացիներին մեկ առ մեկ:
Երբեմն էլ դա կատարվում է պարտքի դիմաց կապիտալի վճարմամբ, բայց էլ կապիտալ էլ առանձնապես չի մնացել. հայտարարում է Մարկ Հորթոնը: «Կարիք կլինի լրացուցիչ ուսումնասիրել սակագների ձեւավորման գործընթացը՝ համոզվելու համար, որ էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունները զբաղված են իրենց բուն գործունեությամբ, եւ ոչ թե այն բաներով, որ բնորոշ չեն իրենց»,- ասում է։
Հայաստան այցի շրջանակներում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նախագահի ու կառավարության հետ ունեցել է քննարկումներ` մինչ այդ սպասելով Չինաստանից վարչապետի վերադարձին: Այժմ ամբողջացվում են ԱՄՀ-ի եռամյա ծրագրի ստուգման արդյունքները: Յուրաքանչյուր այդպիսի ստուգման ավարտին նախատեսվում է 17 մլն դոլարի աջակցության տրամադրում, որը տրվում է Կենտրոնական բանկին: Ի դեպ` Կենտրոնական բանկի քաղաքականության մասին: Փոխարժեքի շուկայում այժմ համեմատաբար կայուն վիճակ է, գլխավոր դրամատունն այս տարի համեմատաբար զսպողական քաղաքականություն է վարել: Դա էլ փոխարժեքը կայուն է պահել, ինչը եւ ակնկալել է ԱՄՀ-ն:
Օրեր առաջ Կենտրոնական բանկն անփոփոխ պահեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ ներկայացվում է տնտեսական աճ , իսկ գնաճը Հայաստանում թիրախավորվածից ցածր է, ինչո՞ւ Կենտրոնական բանկն ավելի ցածր տոկոսադրույքով չի առաջարկում փողը բանկերին:
Ի պատասխան` Մարկ Հորթոնը շեշտում է` եթե պայմանները թույլ տային, կաներ, բայց լարվածությունը փոխարժեքի համաշխարհային շուկաներում դեռ պահպանվում է, ինչն էլ պահանջում է զգուշավոր լինել:
ԱՄՀ-ն կառավարության հետ այժմ քննարկում է եկող տարվա բյուջեն, որը կներառի նաև ակցիզային հարկի որոշակի բարձրացումներ, մյուս տարվա բյուջեով ծախսերը շատ չեն ավելանա, քանի որ իրավիճակը բավականին բարդ է:
Քննարկել ենք նաեւ Հարկային օրենսգիրքը, ասաց Մարկ Հորթոնն ու փոխանցեց իրենց դիրքորոշումը` հարկային փոփոխությունները պետք է ուղղվեն միջնաժամկետ հատվածի տնտեսական աճին, ավելի շատ ռեսուրսներ ունեցողներն ավելի շատ հարկեր վճարեն, հարկերն էլ լինեն պարզ: