Հասարակություն

Բացվեց Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղը

karenghazaryan
Եվրոպայի բուհերի լավագույն հնգյակում տեղ գտած ուսումնական հաստատության մասնաճյուղն արդեն գործում է նաեւ Հայաստանում: Այսօր տեղի է ունեցել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Կրթօջախ է այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին եւ ծրագրերին:

 

 

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի մուտքը Երեւան բարձր է գնահատվում: Այստեղ ստեղծված պայմաններն ու ծրագրերը ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության նախագահին: Սերժ Սարգսյանը, Երեւան ժամանած Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչեյի ուղեկցությամբ, շրջեց նորաբաց հաստատությունում, ծանոթացավ կրթօջախի հնարավորություններին ու ուսումնական գործընթացին: Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչեյն ասաց, որ հաճույքով է եկել Հայաստան՝ հետեւելու, թե ինչպես են կազմակերպվում ուսումնական գործընթացները:

«Այստեղ կան բարձրագույն կրթության համար լավ ենթակառուցվածքներ՝ ամենը, ինչ անհրաժեշտ է ուսանողներին: Մասնաճյուղն, ուղղակի, ամենաժամանակակիցներից մեկն է, որը ես տեսել եմ համասսարանի համակարգում: Արդեն մոտ 70 ուսանող է սովորում, 15-ը՝ անվճար հիմունքներով: Սա պարզապես սկիզբն է: Մենք կարծում ենք, որ առաջիկա տարիներին այստեղ մինչեւ 5000 ուսանող կլինի, քանի որ ենթակառուցվածքները թույլ են տալիս: Ես ուղղակի վստահ եմ, որ  հաջորդ տարի ընդունելությունը կլինի զգալիորեն ավելի»:

Գիտության, կրթության ասպարեզում հայտնի եւ հեղինակավոր հայ մասնագետներից շատերն ավարտել են Մոսկվայի պետական համալսարանը:  Մեզ հետ զրույցում այս մասին նախ հիշեցրեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ կարեւորելով նման հաստատության մասնաճյուղի ներկայությունը մեր երկրում:

«Մենք գիտենք՝ մեր բարձրագույն կրթությունն այսօր ունի դժվարություններ, դրա հետեւանքով՝ նույնիսկ ուսուցման որակի առումով մակարդակի անկում: Այն, ինչ-որ Մոսկվայի համալսարանը կիրառելու է այստեղ, ես կարծում եմ, դրանից կօգտվեն նաեւ մեր մյուս բուհերը, կարծում եմ՝ նաեւ անպայման մեր գիտությունը, որովհետեւ մենք շահագրգռվածներից մեկն ենք, որ շրջանավարտներին վերցնենք Գիտությունների ակադեմիայում աշխատելու»:

Աշխարհում իր ցուցանիշներով ու վարկանիշով առաջատար դիրքերից մեկն ունեցող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանյան մասնաճյուղի շրջանավարտները աշխատանքային շուկայում կլինեն մրցունակ՝ համոզված է կրթօջախի Երեւանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը:  Նրա խոսքով՝ կրթօջախի գործունեության մեկնարկը դրական է եւ լուրջ նվաճում: Այս ուսումնական տարում այն ունի 65 ուսանող, սակայն, յուրաքանչյուր տարի կրթօջախը պատրաստ է ընդունել 100 ուսանողի: Հաստատության հնարավորությունները, ասակայն, նրա վստահեցմամբ՝ ավելին են: Քննություններն ու ուսումնական ծրագրերը համապատասխանում են Մոսկվայի պետական համալսարանի ծրագրերին: Ուսման վարձավճարների մասին գործադիր տնօրենը փոխանցեց հետեւյալը:

«Վարձերն ըստ ֆակուլտետների տարբեր են: Հայաստանյան բուհերի համեմատությամբ՝ մի փոքր ավելին են: Ամենացածրը 1 միլիոն 200 հազար դրամ է, իսկ ամենաբարձրը՝ 1 մլն 800 հազար դրամ»:

Գործադիր տնօրենի՝ խոսքով վարձավճարները խելամիտ են, քանի որ կրթօջախն ունի իր առանձնահատկությունները՝ ուսումնական գործընթացը կազմակերպվում է Մոսկվայի պետական համալսարանի ծրագրերին ու ներկայացրած պլանին համապատասխան, դասախոսներն էլ առավելաբար Մոսկվայի պետական համալսարանի մասնագետներն են:

Back to top button