ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայաստանում է Կաթողիկե Հայոց նորընտիր կաթողիկոսը

Սեպտեմբերի 22-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց նորընտիր Ամենապատիվ և Գերերջանիկ Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ն, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի  հրավերով՝ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովի նիստին, այցելեց ՀՀ  Սփյուռքի նախարարություն:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրան Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ և ուրախություն հայտնեց, որ նա նոր կարգավիճակով այցելել է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն:

Նախարարը նորընտրիր Կաթաղիկոսին տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հետ և դրվատանքով խոսեց առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի նվիրյալ աշխատանքի մասին: Նա մասնավորապես առանձնացրեց սիրիահայությանն աջակցելու  համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ մշակութային այդ թանկարժեք նմուշները փրկվեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագա սերունդներին:

Նախարարը հույս հայտնեց, որ թվայնացված ձեռագրերի կրկնօրինակները երբևէ տեղ կգտնեն նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում՝ այդ կերպ ևս հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին:

Նախարարը երախտագիտությամբ խոսեց նաև Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդների ունեցած անգնահատելի դերի մասին՝ Հոռմի պապ Ֆրանցիսկոսի՝  Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում արտասանծ ճառի մասին, որը շրջադարձային կարող է լինել Հայող ցեղասպանության ճանաչման գործընթացի համար:

 

Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց, որ մեծապես գնահատում է հայապահպանությանն ի նպաստ իրականացվող Սփյուռքի նախարարության գործունեությունը և պատրաստ է շարունակել գործակցությունը անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար:

 

Զրույցի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքին նվիրեց հայ մանրանկարչության կրկնօրինակ՝ ի հիշատակ Սփյուռքի նախարարություն կատարած նրա այցելության:

Back to top button