ԼՂՀ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման կարիք չկա.Սեյրան Օհանյան
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է, — Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխաններով, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,- նշել է նախարարը: Նա հավաստիացրել է, որ հայկական բանակի ստորաբաժանումները թե՛ հայ ադրբեջանական սահմանին, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց խնդիրները գիտեն և վստահաբար կատարում են իրենց պարտականությունները:
Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին շրջանառվող լուրերին, Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության միակ գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի հայկական ստորաբաժանումները կարողանում են պահպանել ուժերի հավասարակշռությունը և իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախարարն ընդգծել է, որ արցախյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման կարիք չկա:
«Այսօր բանակցային գործընթացն ուղղված է համակարտության խաղաղ կարգավորմանը, և առայժմ խոսակցություն չի ընթանում հակամարտության գոտում խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման մասին, որովհետև մեր տեսակետը հակամարտության լուծման վերաբերյալ խաղաղ ճանապարհով, քաղաքական երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնության և վստահության մեխանիզմների շրջանակներում խաղաղ կարգավորումն է»,- նշել է Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ եթե խոսքը փորձաքննությունների կամ միջազգային հետաքննությունների անցկացման մասին է, որը մաս է կազմում վստահության մեխանիզմների ձևավորման գործընթացին, մենք բազմաթիվ անգամներ պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ հարցերում: «Այն կողմը, որն արդար է, միշտ էլ պատրաստ է իր գործունեությունը ներկայացնել միջազգային կառույցներին, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ով է խախտել հրադադարը և ով պետք է պատժվի»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: