Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարեսկզբին կայցելի Հայաստան, այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային հերոս, Հայ- ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ ամփոփելով հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքի արդյունքները։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ղեկավարի այցի հստակ օրը դեռևս հայտնի չէ։
Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 21-րդ նիստի օրակարգի հիմնանական հարցը երիտասարդական քաղաքականության ոլորտում երկկողմ համագործակցությանն էր նվիրված:
Կայացած քննարկան արդյունքում հանձնաժողովը կարևորել է երիտասարդական քաղաքականության զարգացմանը նվիրված երկկողմ համաժողովների անցկացումը, ինչպես նաև դրական է գնահատել Ռուս- հայկական համալսարանի և ռուսական բուհերի դերը մեր երկրի ժողտնտեսության համար որակյալ կադրերի պատրաստման գործում:
Նիկոլայ Ռիժկովը գոհունակություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով: Նա ընդգծեց, որ Հայաստանի հետ սերտ կապված է արդեն 24 տարի, երբ 1988 թվականանի դեկտեմբերին, լինելով ԽՍՀՄ կառավարության նախագահ, անձամբ գլխավորեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փրկարարա-վերականգնողական աշխատանքները:
84-ամյա Ռիժկովը խոստովանեց, որ մինչ օրս հոգեպես կապված է Հայաստանին և զգում է հայերի ջերմ վերաբերմունքն իր հանդեպ:
Ըստ նրա՝ Հայաստանը համարվում է Ռուսաստանի պատվարը Հարավային Կովկասում: Գոհունակություն հայտնելով միջպետական և միջխորհրդարանական հարբերությունների բարձր մակարդակով՝ Նիկոլայ Ռիժկովը նշեց տնտեսական կապերի աամրապնդման կարևորությունը:
Անդրադառնալով եկող տարեսկզբին սպասվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան, Ռիժկովը չբացառեց, որ քննարկվելիք հարցերի զգալի մասը կվերաբերվի տնտեսական բլոկին, մասնավորապես, ՀԱԷԿ-ին և «Նաիրիտին»:
Հաջորդ տարվա մայիսի երկրորդ տասնօրյակում Ռուսաստանում կայանալիք հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն եվրաասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարները: