Հասարակություն

Հայաստանի պատմական հանրագիտարանը՝ մեկ հատորում

aidaavetisyan

Երեսուն տարվա աշխատանքից հետո ընթերցողի սեղանին է դրվել  ՀՀ պատմական հանրագիտարանը: Սամվել Հակոբյանը 11 հատորները խմբագրել ու մեկտեղել է մեկ հատորում, որտեղ էլ տեղ են  գտել պատմական Հայաստանի բոլոր մարզերն իրենց  1003 բնակավայրերով,  Արցախ աշխարհի մասին պատմական տեղեկություններն ու Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում գտնվող հայկական հուշարձանների մասին պատմությունները: Գրքից օրինակներ կան  շատ երկրների գրադարաններում, նախատեսում են  ուսուցողական այս գրքով համալրել նաև հայաստանյան գրադարաններն ու  դպրոցները:

Փոքրիկ Հայաստանն արդեն կարող է լինել մեր սեղանին: Սամվել Հակոբյանը ՀՀ բոլոր մարզերն իրենց 1003 բնակավայրերով և 24 հազար հուշարձաններից 20հազարից ավելին ներկայացրել է մեկ գրքում՝ 11 հաստափոր հատորները մեկտեղելով մեկում: Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը  ներկայացնող նյութը հետաքրքել է ռուսներին և խոստացել են  աջակցել գրքի հրատարակման գործում: Արդյունքում՝ գիրքը տպագրվել է ռուս բարերար Ալեքսանդր Նովոպաշինի հովանավորությամբ՝ 1000 օրինակով: Այժմ էլ ծրագրեր կան Հայաստանում և Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում գտնվող  հայկական ժառանգության մասին պատմությունները հասցնել  Հռոմի պապին: Գրքի շնորհանդեսը  եղել է Մոսկվայի հայկական եկեղեցում, որտեղ արժանացել է  մեծ արձագանքի:

Հայաստանում գիրքը բարձր են գնահատել նաև հանրապետության առաջին դեմքերը: Բրատիսլավիայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Պավոլ Զլատոշն,  ընթերցելով գիրքը, հետաքրքվել է  Հայաստանի մշակութային ժառանգությամբ, և մի քանի օր տրամադրել դրանց ուսումնասիրությանը:  Այսօրվա ասուլիսին ներկա էր նաև նա, ով անձամբ հայտնեց  գրքի վերաբերյալ իր կարծիքը: «Դժվար է բառերով արտահայտել այն զգացողությունը, որ ունեցել եմ  գիրքն ընթերցելիս։ Բոլոր ազգերը պետք է պահպանեն իրենց արմատները, իսկ հայկական յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի  ուսուցողական այս գիրքը»,- ասում է։

Այժմ գրքի հեղինակը պատրաստվում է հայաստանյան  շնորհանդեսին: Գրքի օրինակներից կան աշխարհի շատ գրադարաններում: Նախատեսում են համալրել նաև հայկական դպրոցների գրադարանները, իսկ վաղը   որոշակի քանակության գրքեր կհանձնվեն հայոց  բանակի զորամասերին:

Back to top button