Քաղաքական

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել

lenabadeyan
Աժ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Աժ արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով մեկ հարց. պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ սահմանադրության փոփոխությունները Հանրաքվեի դնելու հարցը: Աժ նիստն ընթանալու է հատուկ ընթացակարգով՝ սկսվել է ժամը 11-ին, եւ շարունակվելու է մինչեւ օրակարգային հարցի սպառելը:

Արտահերթ ելույթի իրավունքով այսօր խոսեց նաեւ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդունելով, որ որեւէ փաստաթուղթ կատարյալ լինել չի կարող:

«Եկեք Սահմանադրությունն ընդունենք, հետո կտեսնենք նախագահը ինչպես է աշխատում: Սահմանադրության փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն ոչ իշխանությունների, ոչ իշխող քաղաքական ուժի և ոչ էլ առանձին վերցրած որևէ կուսակցության կամ կազմակերպության համարդրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, քաղաքական ուժերի ապագայի տեսանկյունից: Խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճությանը գերի ընկնելով, հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով պնդում են որոշ քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների հաճախորդներ»:

Այսօր խառնաշփոթ է «Ժառանգություն» խմբակցության շարքերում: Երեկ երեկոյան հայտնի դարձավ՝ Ժառանգություն կուսակցությունից դուրս է եկել ու նաեւ խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր է դրել Ռուբեն Հակոբյանը: Իր այս որոշման մասին նա հայտնել էր Ֆեյսբուքյան գրառման միջոցով, թեեւ դեռ մեկ օր առաջ Աժ-ում  լրագրողների հարցերին պատասխանելիս նշում էր, որ առաջին անգամ է լսում, որ պատրաստվում է լքել ժառանգությունն ու վերադառնալ Դաշնակցության շարքերը:

Այս թեմայի հետ կապված իրադարձությունները դրանից հետո սկսել են ծավալվել բացառապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Արձագանքելով Ռուբեն Հակոբյանի գրառմանը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրել է. «ուրեմն, պատգամավորական մանդատից էլ հրաժարվեք: Հակառակ դեպքում շատ անազնիվ բան է ստացվում»:  Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նույն սոցցանցում տեղեկացրել է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Արդարացի լինելու համար նշենք, որ թե՛ Ռուբեն Հակոբյանը, թե՛ Ժառանգություն կուսակցության մամուլի քարտուղարը որեւէ մեկնաբանություններ չեն տվել եւ միմյանց շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատելու համար:

 

Back to top button