Բելգիացի խորհրդարանականները «կարող են փոխել իրողության համատեքստը»
Մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության 6 անդամները: Երկուսն այսօր մեկնել են Հայաստանից, իսկ մնացածը դեռ այստեղ են: Եվրոպացի պատվիրակները թե Հայաստանում, թե երկօրյա ղարաբաղյան այցի ընթացքում հանդիպել են ղեկավարության, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արցախում ծանոթացել են տիրող իրադրությանը, ժողովրդավարության զարգացման միտումներին: Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոուտը նշել է, որ հանդիպումների եւ մասնավոր շփումների արդյունքում իրենք հասկացել են, որ թե Հայաստանում, թե Ղարաբաղում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է։ Ըստ եվրոպացի խորհրդարանականի՝ եվրոպական արժեքները կենսաձեւ են եւ Հայաստանում, եւ Արցախում, իրենք զգացել են Եվրոպային եւ եվրոպական իրական արժեքներին ինտեգրվելու հասարակական կամքը:
Եվրոպացի խորհրդարանականներն այս անգամ թե Հայաստանում, թե Ղարաբաղում լուրջ բացահայտումներ են արել իրենց համար: Օրինակ՝ երեկ կեսգիշերին վերադառնալով Ղարաբաղից՝ Բաղրամյան պողոտայում ստիպված են եղել անցնել «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարարների միջոցով, նույնիսկ կանգնել զրուցել են ակտիվիստների հետ:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած մեկ այլ հանդիպումից՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, խորհրդարանականները նույնպես տպավորված էին: Նախագահն իրենց բացատրել է, թե ինչու է Հայաստանն ընտրել ԵՏՄ ճանապարհը, բայց եւ վստահեցրել, որ իրական ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների կողմնակիցն ենք:
Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոուտը համոզված է՝ Հայաստանում տեսել են այդ ժողովրդավարության, եվրոպական չափանիշների ամենօրյա կիրառումն ու խոսքի ազատության բարձր մակարդակը: «Այդ պահին մենք ունեցանք շատ մեծ հարազատության զգացողություն: Եվրոպական արժեքները պետք է ապրել ամենօրյա ձեւով եւ երիտասարդների այս պահանջների, բողոքների ներկայացման ձեւը դա իրական եվրոպական արժեքների ամենօրյա կենսունակության ապացույցն են: Իրական եվրոպական արժեքները եւ Եվրոպային ինտեգրվելու, նրա հետ համագործակցելու այդ մեծ կամքը, որ այստեղ դրսեւորվում է, մենք տեսնում ենք, որովհետեւ եվրոպական արժեքները դա կենսաձեւ է»,- ասում է։
Ի վերջո՝ ինչո՞ւ են այստեղ Բելգիայի պատգամավորները: Խորհուրդ են տալիս արագ փոփոխությունների եւ արդյունքների չսպասել, բայց եւ չնվազեցնել այսպիսի այցելությունների դերը: Բացահայտում են, որ հիմնական առաքելությունը,որ դրվել է իրենց վրա՝ «տեսնել եւ հասկանալ, թե ինչ է այս երկրների ժողովրդավարությունը»: Այն, ինչ հասկացել են Հայաստանում՝ արդեն պարզ է:
Ղարաբաղից ունեցած տպավորությունները ներկայացնում է մեկ այլ խորհրդարանական՝ Սիմոն Զյուսկինդը: «Այսօր մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները, նաեւ եվրոպական կառույցները անընդհատ անդրադառնում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը: Եվ այն, ինչ մեզ իսկապես զարմացրեց եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում, այն է, որ այս տարածքի վրա որեւէ ձեւով ատելություն չի սերմանվում հակառակորդի նկատմամբ»:
Եվրոպացի պատգամավորները հասկանում են, որ այսուհետ Ադրբեջան գնալն իրենց համար շատ բարդ է լինելու՝ հայտնի «սեւ ցուցակում» ընդգրկվելու պատճառով: Ի դեպ՝ Ադրբեջանի դեսպանատնից նրանք արդեն համապատասխան զգուշացում ստացել են՝ ղարաբաղյան այցից առաջ: Բայց հաստատակամ են իրենց առաքելությունը շարունակել, քանի որ համոզվել են՝ եվրոպական հանրությունը ճիշտ տեղեկացված չէ հակամարտության իրողությունների մասին:
Այստեղ նաեւ խորհուրդ են տալիս Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարներին՝ ավելի շատ գնալ եւ Եվրոպայի տարբեր հարթակներում խոսել: «Պետք է արվի ավելին, քան արվում է հիմա»,- խորհուրդ է տալիս տիկին Զյուսկինդը:
Եվրոպացիները միաժամանակ նաեւ գիտակցում են հակամարտության կողմերի միջեւ համահավասարեցնող հայտարարությունների եւ կոչերի պատասխանատվությունը: «Այդ հավասարության նշանը, այդ մեկ նժարին դնելը գալիս է հենց իրական իրավիճակը չճանաչելուց եւ ցանկություններ չունենալուց: Իսկ ինչքան ավելին լինեն այդ այցերը, պատվիրակությունները երկու երկրներ, այնքան ավելի կճանաչվի իրավիճակը, այնքան այդ հավասարության նշանը այլեւս չի դրվի»,- ասում է պատվիրակության մեկ այլ անդամ՝ Անդրե դու Դյուսիին:
Բելգիայի խորհրդարանականներն այսօր ճշտում են. այն մակարդակում չեն գտվում, որ խառնվեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց ասում են, որ «կարող են փոխել իրողության համատեքստը»: