Հանրապետության սեյսմիկ վիճակը կայուն է, իսկ բնակֆոնդի 40 տոկոսը՝ ոչ երկրաշարժադիմացկուն
2015 թվականի հունվարից մինչ օրս մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ 644 երկրաշարժ է գրանցվել, որից 17-ը եղել է Հայաստանում, սակայն դրանցից զգացվել է միայն 5-ը, 1 երկրաշարժ էլ գրանցվել է ԼՂ-ում: Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվեց նաև Հայաստանում եւ Արցախում: Բարեբախտաբար՝ վնասներ չեն արձանագրվել: Այսօր սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ ներկա դրությամբ հանրապետության տարածքում «նորմալ ֆոնային սեյսմիկ վիճակ է»։
Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի Շաքի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվեց նաև ՀՀ և ԼՂՀ տարածքներում: Նման ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում գրանցվել է նաև 1999 թվականին, ցնցումները զգացվել են Հայաստանում:
Ադրբեջանն այս երկրաշարժը վերագրում է Հայաստանին, հենց այդ ժամանակահատվածում էին մեր հանրապետությունում անցկացվում «Շանթ 2015» զորավարժությունները: Այն, որ երկրաշարժ կազմակերպել հնարավոր չէ , փաստում է ՏԿԱԻՆ սեյսմիկ ծառայության պաշտպանության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը և ավելացնում, եթե նման աղետ կազմակերպելու հնարավորություն լիներ, ապա կարվեր մեկ ուրիշ տեղ, ավելի մեծ ուժգնությամբ:
Ադրբեջանի երկրաշարժից, բարեբախտաբար, մեզ մոտ վնասներ չեն արձանագրվել: Վերջին 5 տարիների վիճակագրության համաձայն՝ սեյսմիկ ակտիվ տարի է համարվել 2011 թվականը, երբ Վանում, ապա նաեւ հեռավոր Ճապոնիայում, այլ երկրներում եւս գրանցվեցին երկրաշարժեր, դրանից հետո երկրաշարժերի քանակը նվազել է, ասում է գործակալության պետը։
«Այսօր հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն, ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ, անոմալ երևույթներ սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային դիտացանցում մենք չունենք»,- նկատում է Հրաչյա Պետրոսյանը:
Հայաստանի սեյսմիկ վտանգի մակարդակը Խորհրդային Միության տարիներին գնահատվել է 7-8 բալ, շենքերն էլ կառուցվել են այդ չափորոշիչներով, իսկ այնուհետև վերանայվել է Հայաստանի տարածքի վտանգի մակարդակը, գնահատվել 8 և բարձր, Երևանի տարածքում 9 և բարձր, սակայն կառուցված շենքերն ունեն 7 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու հնարավորություն:
2010 թվականին միջազգային ընկերության աջակցությամբ իրականացվել է Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատում և բոլոր շենք- շինությունները դասակարգվել են ըստ սեյսմիկ վտանգավորության: Որոշում է կայացվել որոշները փոխարինել նորերով, իսկ որոշ շենքերի սեյսմակայունությունն էլ ամրացնել:
«Կառավարությանը ներկայացրել ենք մեկ նախագիծ՝ շենքի տանիքում ավելացնել մեկ լրացուցիչ հարկ , որը կծառայի նաև որպես լրացուցիչ բնակմակերես: Նման օրինակ Երևանում արդեն կա: Ամիրյան 18/3 շենքի տանիքն այդպես է: Սա մի կառուցվածք է, որը երկրաշարժի դեպքում տատանվում է շենքի հակառակ ուղղությամբ և բարձրացնում է շենքի հուսալիությունը»,- ասում է սեյսմոլոգը։
Շենքերի տանիքներին լրացուցիչ մեկ հարկ ավելացնելը, ըստ ՏԿԱԻն սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանի, լուծում է նաև տանիքների ջրահեռացման խնդիրը: Հայաստանում որևէ շենք ապահովագրված չէ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերից: Կան շենքեր, որոնք նույնիսկ 8 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում չեն դիմակայի։ Օրինակ՝ ժողովրդի լեզվով ասած «չիբուրաշկա» և կարկասներով հավաքած խոշորապանել շենքերը իրականում վտանգավոր են և՛ կառուցվածքային առումով, և՛ որակի: Դրանք էլ կազմում են մեր բնակֆոնդի մոտ 40 տոկոսը:
Սակայն 16 հարկանի շրջանակակապային շենքերն ունեն բարձր հուսալիություն, ասում է ոլորտի պատասխանատուն։
Շենքերի սեյսմակայության բարձրացման համար մեծ գումարներ են պահանջվում, որոնք պետությունն այժմ չունի, ասում է Զավեն Խլղաթյանն ու ավելացնում,՝ կառավարությունը հավանաություն է տվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրին, որին կհաջորդի հիվանդանոցների, կառավարման մարմինների շենքերի սեյսմակայունության բարձրացումը: