Հասարակություն

20- րդ դարը խմբագրել է գեղեցկության չափանիշները. այսօր գեղեցկության միջազգային օրն է

aidaavetisyan

Այսօր նշվում է  գեղեցկության միջազգային օրը: Նման տոն ստեղծելու գաղափարի հեղինակը ՍԻԴԵՍՔՈ էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն է: Ինչպես նշել են կոմիտեի ներկայացուցիչները, 20-րդ դարը մեծ փոփոխություններ է մտցրել կոսմետոլոգիայի բնագավառում:  Այսօր անհատի ներքին և արտաքին գեղեցկության իրենց չափորոշիչներով  լրագրողներին են ներկայացել  պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանն ու  ԵՊՀ դոցենտ Կարինե Ասրյանը:

 

Գեղեցկություն, գեղեցիկ, վսեմ. սրանք այն հասկացություններն են, որոնց բնորոշումները յուրովի են մեկնաբանել աշխարհի մեծամեծները, և մեզանից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը գեղեցիկի ու կատարյալի մասին: Ըստ պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանի՝ այսօրվա դեռահաս աղջիկներն ուզում են անպայման նմանվել այս կամ այն հանրահայտ անձին, դերասանուհուն կամ մոդելին և վիրաբուժական միջամտությունների միջոցով կապկել մարմնի այս կամ այն հատվածը: «Եվ Պամելա Անդերսոն է եղել, և Անջելինա Ջոլի, և Քետրին Զետա Ջոնս: Նկարները բերում են և ասում, որ նման կուրծք կամ քիթ ենք ուզում, սակայն չեն պատկերացնում, որ  դեմքերըն են տարբեր։ Կարելի է ստանալ նկարում պատկերվածը, սակայն հարց է՝ այն կսազի՞ տվյալ մարդու դեմքին»։

Պլաստիկ վիրաբույժը փաստում է, որ այսօր արդեն իրենց արտաքին գեղեցկությանն են հետևում ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ:  Արական սեռի ներկայացուցիչները նույնպես դիմում են  վիրաբուժական միջամտությունների:  Նրանց մոտ հիմնական  շտկումները կատարվում են  քթի հատվածում:

Ներքին հոգևոր գեղեցկության  կողմնակից, ԵՊՀ դոցենտ Կարինե Ասրյանն էլ  նշում է, որ ոչ ամեն  արտաքին գեղեցկությունն է սեր ներշնչում, և երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում: Ըստ նրա՝ գեղեցկությունը հոգևոր արժեք ունի, ոգու և մտքի արժեք: Նրա ձևակերպմամբ՝ կնոջ ներքին հանգստությունը ապահովում է և՛ արտաքին գեղեցկությունը, և՛ զերծ պահում ընտանեկան եւ այլ խնդիրներից:

Back to top button