Մարտի 1- ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ- ի առաջարկի եզրակացությունը կլինի երկուշաբթի
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծեու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությունը: Հանձնաժողովը մոտ երկու ժամ քննարկել է հարցը, բայց որոշում չի կայացրել:
Թե ինչ եզրակացություն կտրվի որոշման նախագծին, պարզ կդառնա առաջիկա երկուշաբթի՝ քառօրյայից առաջ հրավիրվելիք նիստի ժամանակ:
Մինչ այդ հանձնաժողովը կդիմի Հատուկ քննչական ծառայությանը մի շարք հարցերի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի՝ դրանք կօգնեն հանձնաժողովին վերջնական դիրքրոշում արտահայտելու հարցում:
ՀԱԿ խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծով առաջարկվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի և կգնահատի 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների, կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
«Մենք առաջարկում ենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը մարտիմեկյան դեպքերին, դրանց տրված գնահատականներին կնայի այլ աչքերով և եզրակացություն կներկայացնի խորհրդարնին՝ արդյո՞ք իրավական այդ գնահատականներն օրինաչափ էին ու հիմնավոր»:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի ՝ ստեղծվելիք հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հայտնաբերմամբ, այլ փորձելու է ուսումնասիրել ու գնահատել եղածները՝ անհրաժետրության դեպքում զրուցելով պատասխանատուների հետ: Իր հետապնդած նպատակներով այն չի կրկնելու և տարբերվելու է նախորդից:
Հիշեցնեմ, Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով 2008թ.-ին խորհրդարանում մի ժամանակվոր հանձնաժողով ստեղծվել էր: Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն ու կազմված եզրակացությունը, սակայն, ըստ ՀԱԿ-ի, չի արժանացել հանրության լայն շերտերի հավանությանը և գնահատվել է որպես դեպքերի միակողմանի մեկնաբանություն:
Որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովը կազմավորել ԱԺ խմբակցությունների մեկական պատգամավորներից: Նախատեսվում է, որ հաձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ԱԺ նիստում կներկայացնի մինչև 2013թ.-ի փետրվարի 4-ը:
Հանձնաժողովների անդամները Գագիկ Ջհանգիրյանին ուղղված հարցեր ունեին թե եզրակացությունը ներկայացնելու ժամկետների, թե կազմավորման սկզբունքի և թե հետապնդած խնդիրների վերաբերյալ: Ինչ իրավական հետևանք կարող է ունենալ հանձնաժողովի եզրակացությունը, հետաքրքում էր ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին:
«Քանի որ մենք և դուք, պր-ն Մինասյան, ԱԺ-ում դեռ մեծամասնություն չենք, մեր առաջարկություններն անմիջապես կյանքի կոչել չենք կարող, բայց հույս ունեմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում ներկայացված եզրակացությունը ԱԺ-ին կպարտադրի որոշակի քայլեր կատարել»։
Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում դեռևս վերջնականապես ձևավորված դիրքորոշում չունի: Կան հարցեր, որոնք նախաքննական մարմնի կողմից պարզաբանվելու կարքի ունեն: Հենց այդ պատճառով էլ հանձնաժողովը հարցերով կդիմի Հատուկ քննչական ծառայությանը, կստանա պատասխաններ, դրանց հիման վրա էլ կձևավորի իր վերջնական դիրքորոշումը:
«Մենք պետք է ստանանք նաև երկրորդ կողմի տեսակետը: Մի կողմի ներկայացումը լսելուց հետո ինձ մոտ հարցեր ծագեցին, որոնք ես պատրաստվում եմ ուղղել Հատուկ քննչական ծառայություն և պատասխանից հետո միայն վերջնական կարծիք ձևավորել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առայժմ վերապահումներ ունի՝ կապված գործիքների ու իրավասությունների այն շրջանակի հետ, որն ունի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը: Բացի այդ՝ կարծում է, որ նմանատիպ հանձնաժողովներն արդյունավետ են այն դեպքում, երբ չկա գործունեության քաղաքական բաղադրիչ:
«Իսկ թե այս հարցում որքանով է վերացած քաղաքական կոմպոնենտը, կարծում եմ, պետք է դատենք բոլորս»:
Ի դեպ՝ հանձնաժողովի այսօրվա նիստից գործուղումների պատճառով բացակայում էին անդամներից երկուսը՝ ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրանք նախապես հայտնել էին, որ կողմ են հանձնաժողովի ստեղծմանը։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ որոշումը մինչև երկուշաբթի հետաձգելը «արդարացի» է նաև այն առումով, որ հանձնաժողովի երկու անդամները հնարավորություն կունենան անձամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումները: