Հասարակություն

Ապրել առանց կրակոցների. տավուշցիների երազանքը

hasmikdilanyan
«Հաճախ եկեք մեր գյուղ»  կամ էլ «մեզ հիշում եք, երբ կրակոցներ են հնչում» արտահայտությունները վերջին օրերին  լրագրողներից շատերն են լսել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներից  կամ  ծանոթ ու բարեկամ բնակիչներից: Ադրբեջանցիների հերթական ինքնահաստատման ու դրանց հեևանքով կրած վնասների մասին իհարկե նրանք հեռախոսով  որոշ մանրամասներ փոխանցում են,  սակայն, տավուշցիների մարտական ոգին զգալու համար պետք է համայնքներ այցելել ու զրուցել տեղի բնակիչների հետ: Նրանք  հյուրերին միայն իրենց հատուկ ջերմությամբ են ընդունում, պատմում կենցաղի, կրակոցների, իսկ  երեխաներն էլ՝  իրենց երազանքների մասին: Նրանց բոլորին միավորում է  մեկ ցանկություն՝ վերջապես ապրել առանց կրակոցների:

 

Ինչպես վերջին օրերին, այս գիշեր էլ հակառակորդը հայկական բնակավայյրի ուղղությամբ անկանոն կրակահերթեր բացելով կրկին ինքնահաստատման փորձեր է արել: ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն,  նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

Երեկ Տավուշի սահմանամերձ համայնքներ էր մեկնել ու իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝  «Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների»:

Սահմանապահ գյուղերի  բնակիչները ամեն բացվող օր սկսում են ճիշտ այնպես, ինչպես երեկ առավոտյան՝  անտեսելով գիշերային կրակահերթերն ու անցնելով առօրյա հոգսերին: Այստեղ նույնիսկ փոքրերն են  տեղյակ՝ թշնամին երեկոյան ժամերից է սկսում կրակահերթերը, նրանք անգիր գիտեն, թե գյուղի որ հատվածով պետք է անցնեն, որ թշնամու գնդակից հեռու մնան: Երկու տասնամյակից ավելի է, ինչ նրանց առօրյան  հատկապես երեկոյան ժամերին  ՀՀ մյուս  գյուղերի առօրյաից տարբերվում է , գիտեն նաև, թե ինչով՝  «Ոչ մի գյուղի երեխաներ կրակոցների տակ չեն մեծանում, մենակ մենք ենք ու մի քանի այլ համայնքներ»:

Սահմանամերձ համայնքների  երեխաների երազներն ու երազանքներն են անգամ  մարտական ու  հաղթանակած:  Նրանց բոլորին միահյուսում է մեկ երազանք՝  այլևս  չլսել  ադրբեջնական դիրքերից հնչող կրակոցների ձայները: Ու բոլորովին էլ պատահական չէ, որ  երեխաների հիմնական մասը  ցանկանում  է  մեծանալ ու զինվոր դառնալ:  Մանկապարտեզներում նրանց  երգերն անգամ  ոչ թե մանկական , այլ հայրենասիրական են  ու,  երբ լսում ես,  նույնիսկ չես էլ նկատում, որ  երեք կամ չորս տարեկան երեխաները ռիթմով  չեն երգում, նկատում  ես  միայն կարևորը՝  բառերն են հիշում՝ «շուն թուրքերուն տանք արժանի հարված»:

«Ես մեծանամ զինվոր եմ դառնալու, որ նպաշտապնեմ թուրքերից, թուրքերին, հնձոտեմ: Խրամատ մտնեմ, խրամատը զինվորների  համար է, որ մեջը մտնեն: Որ կրակում են, ես գնում եմ, մտնում եմ տուն»:

Այգեպար, Չինարի, Մովսես, Պաոավաքար, Չորաթան, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Ներքին Կարմիր Աղբյուր, Սեւքար, Վազաշեն. այս և մյուս այս համայնքների բնակիչները  գրեթե ամեն երեկո    լսում են  ադրբեջանական դիրքերից իրենց տների ուղղությամբ հնչող կրակոցները: Լսում են, սակայն, չեն էլ պատրասվում հեռանալ իրենց տներից , գիտեն՝ թիկունքն ամուր է: Զրուցակիցներս չինարեցի ամուսիններ Առուստամյաններն են, ովքեր իրար հերթ չտալով պատմում են իրենց առօրյայից ՝ չմոռանալով պարբերաբար  հիշատակել  խաղաղության մասին. «Աշխարհս  խաղաղ ըլնի, ծարավ ու սոված էլ կմնանք,  եթե խաղաղություն  լինի,  գերազանց ա»:

Կրակոցների տակ ու կրակոցներից հետո լույսը բացվելուն պես  սահմանամերձ համայնքների սահմանապհ բնակիչները առօրյա հոգսերին են անցնում, շարունակում են ապրել  հստակ  գիտակցմամբ՝ իրենց ուսերին է մեր դրված մեր երկիրը պահելու պատասխանատվությունը:

Back to top button