Վերլուծական

Ի՞նչ տվեց Հայաստանին ԵՏՄ- ն, անդամակցության հայտարարությունից երկու տարի անց

lenabadeyan

Երկու տարի առաջ հենց այս օրը բոլորի համար անսպասելի որոշվեց եւ Մոսկվայից ազդարարվեց, որ Հայաստանը միանում է նախ Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանը: Սա այն դեպքում, երբ լրջորեն պատրաստվում էինք Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման, խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Ի՞նչ տվեց Հայաստանին այն երկու տարին, որ անցկացրեցինք ԵՏՄ-ում, այսօր փորձում էին պարզել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենկտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

 

Դեպի ԵՏՄ գնալու ամենահիմնավոր թվացող փաստարկը, որ ներկայացվում էր, առնչվում էր պետության անվտանգության խնդիրներին, թեեւ միությունը որպես այդպիսին տնտեսական է:

ԵՏՄ ջատագովները նույնիսկ «աչք էին վախեցնում»՝ մատնանշելով այն ամենը, ինչ կատարվում էր դեպի Եվրամիություն գնացող Ուկրաինայում: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի համար ի սկզբանե նման հիմնավորումներն ընդունելի չեն։ «Արեւելյան գործընկերության ծրագրի պայմանագրով օրինակ՝ գրված էր. Ուկրաինան ձգտում է ԵՄ անդամ դառնալուն կամ Վրաստանը իր անվտանգությունը կապում է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի դեպքում ոչ մի բան չկար: Ասոցատիվ պայմանագրում՝ հստակ գրված էր, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք ու այդ պայմանագիրը կապված է առեւտրի հետ կամ բարեփոխումների հետ եւ այլն, եւ այլն: Բայց գլխավորը՝ մեզ ասում են դա հարցականի տակ կդներ մեր անվտանգությունը: Նման մոտեցումն ի սկզբանե պետք է փակել, որ հետո դա չշահարկվի: Դա շատ լուրջ եմ ասում: Վաղը կարող է Ռուսաստանն իր շահերից ելնելով ասի՝ պետք է Ղարաբաղի հարցով ուրիշ  բան անենք, քանի որ ձեր ժողովրդի անվտանգության խնդիրն է»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։

Արդեն շատ ու շատ ազատություններ Հայաստանը զիջել է՝ մտնելով ԵՏՄ, համոզված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը քաղաքական էր: Ըստ պատգամավորի՝ միությունը ստեղծվել է միմիայն Ռուսաստանի քաղաքական շահերից ելնելով՝ տնտեսական պարտավորություններով եւ լծակներով իր կողքին պահելու կոնկրետ երկրներ:

Թեեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության որոշումից արդեն անցել է 2 տարի, բայց այդ միությունից գործնական արդյունք դեռ չկա ու դեռ շարունակվում են ավանդական քննարկումները՝ պե՞տք է արդյոք Հայաստանին ԵՏՄ-ն, թե՞ ոչ: Ստեփան Գրիգորյանը համաձայն չէ այն կտրուկ գնահատականների հետ, թե ԵՏՄ-ի արդյունքը չենք տեսել:

Ըստ քաղաքագետի՝ այսօր արդեն եկել է պատասխանատվության ճիշտ պահը եւ կրկին պետք է խոսեն ԵՏՄ-ին անդամակցելու ջատագովները, ովքեր բազում հիմնավորումներ էին բերում տվյալ միության օգտին: Հայաստանը չստացավ այն, ինչ խոստացվել էր, պնդում է Թեւան Պողոսյանը։

Պատգամավորը չի պնդում, թե Եվրաասոցիացումը շուտ եւ կարճաժամկետ օգուտ կտար Հայաստանին, բայց չի կասկածում, որ երկարաժամկետ հեռանկարներ էր բացելու: Իսկ որպես օրենսդիր՝ Թեւան Պողոսյանը կարեւորում է, որ փոփոխվող Սահմանադրությամբ անպայման ամրագրվի, որ նմանօրինակ որոշումները պետք է կայացվեն հանրաքվեով, այլ ոչ մեկ մարդու որոշումով:

Back to top button